Սեպտեմբերի 12-ին, «Ջավախեթիի պահպանվող տարածքների» գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել է «Ջավախեթիի պահպանվող տարածքների» կառավարման պլանի նորացման և համապատասխան օպերատիվ պլանի մշակման հարցերը:
«Մասնակիցների շատ ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ քննարկվող թեման կարևոր և պահանջված է մեր տարածաշրջանի համար: Ցանկալի է, որ «Ջավախեթի պահպանվող տարածքների» կառավարման գործընթացին շահագրգիռ կողմերի մասնակցությունը լինի արդյունավետ, իսկ տեղական իշխանության հետ համագործակցությունը՝ ավելի սերտ: Հանդիպումը բավականին դրական հույսեր է ներշնչում մեր տարածաշրջանի հետագա զարգացման առումով»,- գրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բազապիսի հարցեր, որոնք կապված են զբոսաշրջության և պահպանվող տարածքների զարգացման հետ:
Քննարկման հիմնական թեմաներն են եղել.
• Վրացական օրենսդրությամբ պահպանվող տարածքների կառավարման պլանի մշակման գործընթացի վերանայում,
• Շահագրգիռ կողմերի որոշում,
• Պահպանվող տարածքների գոտիավորում:
Հանդիպմանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ու պատգամավորները, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները, երկու մունիցիպալիտետների Կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարները, դպրոցների տնօրեններ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք: