Մայիսի 6-ին, Ախալցիխեի շրջանի հայաբնակ Փոքր Պամաճ գյուղի բարձունքում առանձնակի հանդիսավորությամբ նշեցին ժողովրդական «Ծռատոն» կոչվող տոնը:
Առավոտից ուխտավորները շտապում էին դեպի Փոքր Պամաճ գյուղի բարձունքում գտնվող ուխտատեղի: Ամեն տարի, այս օրը Ախալցիխեի բոլոր գյուղերից մարդիկ ուխտի են գալիս և օրը վերածում իսկական տոնախմբության:
Սուրբ Գևորգ կոչվող մատուռի դիմաց անսովոր իրարանցում էր, մեկը աղավնիներ էր գնում, մյուսը մոմ վաճառում, երրորդն ուշի ուշով հետևում ուխտավորներին:
Տարիներով ձևավորված ավանդույթի համաձայն մարդիկ տոնախմբություն են կազմակերպում: Ըստ ավանդության, եթե այս օրը չտոնես, հակառակ դեպքում, համաձայն սնահավատության, մեղապարտի ձեռքն ու ոտքը կծռվի:
Ջավախքում այս տոնը կոչվում է «ծռատոն»։ Այս օրը ոչ ոք գործ չի անում, վախենալով, որ կծռվի։ Մարդիկ հավատում են, որ հնում շատերը գործ են արել և անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, որ ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։
Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել: Խանդո գյուղում Ջավախքի տարբեր անկյուններից եկած ուխտավորները հավաստիացնում են, որ այսօր էլ, եթե հղի կինը դանակով գործ է անում, ապա ծննդաբերությունից հետո երեխայի վրա նշան է լինում:
Ծռատոնը, որ այսքան տարածված է մեզանում, չնայած իր մեջ կրոնական տարրեր է պարունակում, և ժողովուրդը այցելում է այս կամ այն սրբատեղի, սակայն ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի և տոների հետ:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը տարածաշրջանի հոգևորակաների հետ մատաղի օրհնության կարգ կատարեց:
Տոնախմբությանը հետաքրքրությամբ հետևում էին զբոսաշրջիկները:
Միջոցառմանը տարբեր պարային ու երաժշտական կատարումներով հանդես եկան Ախալցիխեի շրջանի գրեթե բոլոր հայկական գյուղերի պարի խմբերն ու Ախալցխայի կրթամշակութային կենտրոնի սաները:
Փոքր Պամաճ գյուղում տոնախմբությունն իրականություն դարձավ Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի անմիջական ջանքերի շնորհիվ:
Աղունիկ Այվազյան