Խավեթի բնակիչները որոնում են ուղիներ, որպեսզի լքեն գյուղը: Գլխավոր պատճառը գյուղը քաղաքին կապող ճանապարհի անանցանելի վիճակն է:

Քնարիկ տատի 9 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Խավեթում: Նա ապրում է երկու որդիների, հարսների ու թոռների հետ: Ճիշտ է, Քնարիկ Կարապետյանը չի ուզում, սակայն արդեն իրերն է դասավորում, ընտանիքը տեղափոխվելու է Ախալքալաք:

73 տարեկան Քնարիկ տատիկն ամեն առավոտյան իր երկու որդիներին Ախալքալաք է ճանապարհում, իսկ երեկոյան անհամբեր սպասում նրանց վերադարձին: Նրանք Ախալքալաքում գնած իրենց տունն են վերանորոգում, որպեսզի քաղաք տեղափոխվեն: 2019 թվականին Քնարիկ տատիկի թոռները կավարտեն դպրոցը և կրթությունը պետք է շարունակեն Ախալքալաքում, իսկ մնալու դեպքում քարուքանդ ճանապարհների պատճառով նրանք չեն կարողանալու ամեն օր գյուղից քաղաք հասնել:

Կարապետյանների ընտանիքը գյուղում մեծ տնտեսություն ունի՝ կովեր ու ոչխարներ, ձի ու ընտանի այլ կենդանիներ, փեթակ ու հողամաս:

erexa

Խավեթ գնալիս, ենթադրում էինք, սակայն այն ինչ տեսանք պատկերացնել անգամ չէինք կարող: Այս գյուղից մինչև քաղաք Ախալքալաք 32 կմ է: Ճանապարհի մի մասը, մինչև Սուլդա գյուղ՝ ասֆալտապատ է, իսկ մյուսը, մոտավոր 12 կմ՝ հողային է: Այն ամենահեռավոր գյուղը չէ, սակայն վստահորեն կարող ենք ասել՝ ամենաանանցանելին է: Թուրքիային հետ սահմանակից այս գյուղում ապրում են 80 ընտանիք:

«Մեր գյուղը իսկական դրախտավայր է, սակայն այստեղ հասնելու համար իսկական դժոխքի միջով ես անցնում: Գյուղից քաղաք տրանսպորտ չկա, ընտրությունների ժամանակ գալիս են ու անխնա խոստանում, հետո ամեն ինչ մոռանում: Պատկերացնում եք, մեր գյուղում նույնիսկ խանութ չկա, բայց մենք իրար օգնելով, առավոտից մինչև իրիկուն աշխատելով ապրում ենք», – ասում է Սարգիս Խաչատրյանը:

Gyuxamej

Գյուղը Ախալքալաքի հետ կապող վատ ճանապարհը խնդիրներ է առաջացնում:

Սարգիս Խաչատրյանը ընտանիքի հետ կարտոֆիլ է մշակում, բարձրորակ պանիր ու կաթ ունեն, բայց  չեն կարողանում իրացնել կամ իրացնում են շատ ցածր գներով:

«Ասֆալտ չեմ ասում, գոնե հարթեցնեն, չենք կարողանում մեր ստեղծած մթերքը շուկա հասցնել: Նույնիսկ վերավաճառողները գյուղ չեն գալիս, իսկ եկողները շատ ցածր գին են տալիս: Պատկերացնում եք, մեր գյուղում 1 կգ պանիրն արժե 2 լարի, իսկ քաղաքում 6-8 լարի: Կասեք ու՞մ բողոքենք, ի՞նչ անենք»,- ասաց Խավեթի բնակիչ Սարգիսը:

xaveti janaparh

Չնայած որ գյուղի դպրոցը Կարապետյանների տան հարևանությամբ է, բայց դա փրկություն չէ, ճանապարհը ցեխապատ է: Թոռները մինչև դպրոց են հասնում մինչև ծնկները խրվում են չամուռի մեջ:

Դպրոցը միակ լուսավոր վայրը

Գյուղի բարձրադիր հատվածում աչքի է ընկնում սպիտակ մի կառույց, դա դպրոցն է, որտեղ շուրջ 70 աշակերտ է կրթություն ստանում, երեք գյուղի երեխաներ՝ Դավնիա, Էրինջա և Խավեթ:

xaveti dproc

Գյուղամեջում առաջինը հանդիպեցինք երեխաների, ովքեր դպրոցից էին վերադառնում, բոլորը փոթիկներ
(ռեզինե երկարաճիտ կոշիկներ) էին հագած և ամբողջովին ցեխի մեջ կորած: Ինչից կարելի էր պատկերացնել դպրոցի վիճակը, սակայն երբ տեղ հասանք պատկերն այլ էր… Այստեղ իդեալական մարքրություն է տիրում: Այս հաստատությունում մաքրության պահպանության իրենց մեթոդն ունեն:

Դպրոցի տնօրենն ու մանկավարժներից կազմված հոգաբարձուների խորհուրդը տարիներ շարունակ իրենց կրթօջախի առաջնահերթությունը համարելով շինարարությունը, ֆինանսական միջոցները տարբեր տարիներում ուղղել են  դպրոցի բարեկարգմանը:

«Բազմիցս դիմել եմ գործարար մարդկանց, ծանոթներիս, տեղական ինքնակառավարման մարմիններին, կրթության նախարարությանը և այլոց: Այն ժամանակ մի փոքր օգնություն եղավ տեղական իշխանություններից, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, իսկ 2005 թ.-ից դպրոցները անկախություն ստացան, անկախ կառավարելու բյուջեն»,- ասաց Խավեթի հանրային դպրոցի տնօրեն Հակոբյանը:

Xavet

Միակ օազիսն այս գյուղում դպրոցն է: Երբ գյուղամեջում դպրոցի տեղը հարցրինք, մեզ ասացին՝ «դպրոցը մեր կյանքի միակ լուսավոր կետն է, դպրոցով կարծիք չկազմեք մեր գյուղի մասին»:

Կրթօջախը դեռ չլուծված պրոբլեմներ ունի՝ ցանկապատ, զուգարան, ջուր, մարզագույք չունեն: Չեն հուսահատվում, այլ աշխատում են եղած խնդիրներին հերթով լուծում տալ: Այս տարի դպրոցի միջոցներով տարածքը կցանկապատեն:

2018 թ.-ին դպրոցն ունեցել է 7 շրջանավարտ, ովքեր հաջողությամբ են հանձնել ավարտական քննությունները և պատրաստվում են ուսումը շարունակել 4-ը՝ Թբիլիսիի, իսկ 3-ը՝ Երևանի բուհերում:

Ամենամոդայիկ կոշիկն այս գյուղում փոթիկն է

Խավեթ գյուղից երևում են թուրքական բնակավայրերը: Տարվա այս եղանակին գյուղում կանաչ գույնի թագավորությունն է, դաշտերում տեղ-տեղ կանաչ խոտհարքերը զիջում են կարմիր, դեղին ու մանուշակագույն ծաղիկներին: Սակայն երփներանգ ծաղիկներից այն կողմ, գյուղամեջում տիրակալը սև գույնն է, ինչպես տեղացիներն են ասում՝ ամեն տեղ ցեխ է, նույնիսկ կանգնելու տեղ չունենք:

Կարապետն իր ապագան չի կապում իր գյուղի հետ:

«Մյուս տարի դպրոցս կավարտեմ ու վերջապես կգնամ այստեղից: Պայման չկա, ոչ մի բան չկա: Մյուս գյուղերից, որ ընկերներս գալիս են, ես ամաչում եմ մեր գյուղի վիճակի համար»,- ասում է Կարապետ Հակոբյանը:

janaparh

Տարիներ շարունակ պետության կողմից անուշադրության մատնված գյուղում մանկապարտեզի, սպորտդահլիճի, խանութի, բարեկարգ ճանապարհների մասին խոսակցություններն անգամ հեքիաթի ժանրից են համարում:

Ախալքալաքի տեղական իշխանությունները խոստանում են 2018 թ.-ին հարթեցնել և տեղ-տեղ ավազապատել Խավեթ գյուղ տանող ճանապարհը: Շրջանի ենթակառուցվածքների զարգացման պլանի մեջ Խավեթի ասֆալտապատումը նշված է 2021 թ.-ին:

Մինչ պետությունը գյուղացիների կյանքը բարելավելուն ուղղված քայլեր կձեռնարկի, գյուղը կամաց-կամաց կդատարկվի: Այսօր էլ քիչ չեն փակ դռները:

Քնարիկ տատը մեզ ճանապարհելիս ասաց. «Եթե մյուս տարի գաս, մեր տան դռները արդեն փակ կլինեն»:

Աղունիկ Այվազյան