Գանձա գյուղում երեխաները Վեգ են խաղում: Մեր օրերում թվում է, թե էկզոտիկայի ժանրից է, սակայն այդպես է: Գյուղերում երեխաները դեռ «կախված չեն» համակարգիչներից: Վեգ խաղը Գանձա գյուղի փոքրիկների առօրյայի անբաժան մասն է կազմում:
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում երեխաները դպրոցից տուն վերադառնալուց հետո, րոպե առաջ ուզում են դուրս գնալ, որպեսզի ընկերների հետ Վեգ խաղան: Փոքրիկները նշում են, խաղում են տարվա յուրաքանչյուր եղանակին, սակայն ամենաշատ գարնան նախաշեմին:
Աղվանը, որը հավաքված երեխաներից ամենալուրջ դեմքն ուներ, խստադեմ հայացքով ուղղում է ընկերոջը՝ Վեգ խաղալու ամենաճիշտ ժամանակը ձմեռն է, պզի (սառույց) վրա, պապս է ասել:
Աղվանը, Մեխակը, Սամվելը, Վարազդատը, Լևոնը և մյուսները խաղաքարերն են դասավորորում՝ գետնին շարում այնպես, որ ուղիղ մի գծի վրա լինի: Միաժամանակ բացատրում են, որը Վեգը տղաների խաղ է։ Վարազդատը ցույց է տալիս իրենց մոտ եղած ամենահին խաղաքարը՝ ոսկորը և նշում, որ այն պապն է իրեն տվել: Վերջինս Վեգ սկսել է խաղալ 5 տարեկանից:
Այս խաղում որպես խաղաքար՝ օգտագործվում է ոչխարի հետին ծնկահոդի ոսկորը՝ ճանը։ Երեխաները սիրով բացատրում են խաղի կանոնները։
Վեգ կամ Ճան խաղը սկսելու համար նվազագույնը 4 խաղացող է հարկավոր: Խաղալիս վեգը գետին գցում և նայում, թե որ կողմն է դեպի վեր՝ ըստ այդմ շարունակում խաղալ: Հաղթողի մրցանակը խաղաքարերն են: 7-ամյա Սամվելը պատմում է՝ մի վեգը 10 թեթրիով վաճառում ենք: Եվ ոգևորված ավելացնում, որ եղել է ժամանակ, որ ինքը 100-ից ավելի վեգ է հավաքել:
Խաղը մեզ սովորեցնելու պատասխանատվությունն իր վրա է վերցնում Աղվանը և մեզ համար խաղաքար է նետում, պարզելու, թե ով ենք մենք կյանքում՝ ըստ խաղի կանոնների:
Խաղաքարը՝ ոսկորն ընկնում է թագավորի կողմի վրա, Աղվանն ասում է, որ ես թագավոր եմ: Երկրորդ անգամ է նետում և հարցնում՝ ինչի թագավոր եմ, խաղաքարը ցույց է տալիս՝ գողի թագավոր: Երրորդ անգամ է նետում և հարցնում՝ ում հետ է նստում-ելնում, խաղաքարը ցույց է տալիս՝ գողերի: Վերջին՝ չորրորդ անգամ է նետում և հարցնում՝ վերջն ինչ է, խաղաքարը ցույց է տալիս՝ հացթուխ:
Հավաքված փոքրիկները սկսում են քրքջալ և կամացուկ ասում՝ թագավորի վերջը հաց եփելն է:
Հայկական ազգային-ավանդական խաղերում Վեգը կամ Ճանը հետևյալ կերպ է մեկնաբանվում․ ոսկորի փոսավոր կողմը՝ «գող»-ն է, սրան հակառակ՝ ուռուցիկ կողմը՝ «ռանչպար», հարթը՝ «թոխան», իսկ կեռմանաձև ակոսավոր երկու կողմերը՝ համապատասխանաբար «էշ» և «գլավնի», այսինքն՝ աղա (ալչու)։
Խաղացողները հերթով գցում են ճանը, մինչև որոշվեն թագավորը, «գլավնին» և «գողը»։ Ում վեգը թագավոր է կանգնում, առաջին գցողը նա է լինում։ Հերթով գցում են ասելով. «Կոճի ջան, կոճի՜, ես` ի՞նչ…»
Ալչուն հաջողության, իսկ թոխանը անհաջողության նշան է: Ում գցածը ալչու կանգնեց, նա «գլավնին» է, ումը թոխան` խոխան՝ ծառան, ումը փոսիկ՝ գող։ Եթե ասում են կոճին ալչու է կանգնել, ուրեմն գործերը հաջող են գնում։ Գողը պետք է անտրտունջ կատարի թագավորի հանձնարարությունները։
Գանձա գյուղում փոքրիկները Վեգը մի քանի ձևով են խաղում՝ երկար ու կարճ: Երկարի դեպքում խաղը երկու ժամ է տևում, իսկ կարճի՝ 10-15 րոպե:
Հարկ է նշել, որ խաղը ոչ միայն կազմակերպում է մարդուն որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, փոխօգնության պատրաստակամություն և այլն: Հատկապես մանկության տարիներին մարդու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային գործունեության հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանաչում է արտաքին աշխարհը ու իր վրա փորձում է տարբեր սոցիալական դերեր։
Վեգ խաղը լայն տարածում ունի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի այն գյուղերում, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքներից մեկն անասնապահությունն է: Սա իր բացատրությունն ունի՝ Վեգ խաղի խաղաքարերը ոչխարի հետին ծնկահոդի ոսկորն է:
Աղունիկ Այվազյան