Բավրա-Կարտիկամ ճանապարհի վերականգնման նախագիծը ներառում էր 2,5 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, սակայն գումարը բավարարում է 2 կմ ճանապարհահատվածը վերանորոգելու համար: Քաղաքապետարանի հավաստմամբ` մնացած կես կիլոմետրը կասֆալտապատվի, երբ դրա համար միջոցներ լինեն:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 1 040 150 լարի:

Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը: Այժմ ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:

Կարտիկամի բնակիչների խոսքերով, սկզբում նրանց խոստացել են ասֆալտապատել 2,5 կմ, սակայն հետո կրճատել են:

Բնակիչներն ասում են, որ 500 մետրը կրճատվել է կամուրջ կառուցելու համար, ինչը գյուղացիներին այդքան էլ անհրաժեշտ չէ:

«Սկզբում խոստացան բարեկարգել մեր ճանապարհը, ասացին՝ կամուրջը ոչ մի ընդհանուր բան չունի այս նախագծի հետ, կամրջի համար առանձին ֆինանսավորում կլինի, իսկ հիմա ասում են, որ սա առանձին նախագիծ չէ, կամուրջը նույնպես ներառված է դրա մեջ», – ասում է գյուղի բնակիչը:

Kartikam

Պետական գնումների էլեկտրոնային համակարգի կայքում կա այս ճանապարհի վերականգնման նախագիծը, որում նշված է 2 կմ 533 մ հատվածի ասֆալտապատումն, իսկ կամրջի կառուցում այնտեղ նշված չէ:

Kartikam doroga

Քաղաքապետարանից ասացին, որ նախագծում նախապես նախատեսված չի եղել կամրջի կառուցումը, եւ որ մնացած կես կիլոմետրն էլ կասֆալտապատվի:

«Այո, սկզբում մենք նախագիծը պատվիրել էինք 2,5 կմ-ի համար, սակայն հատկացված գումարը բավարար չէր 2,5 կմ-ի համար: Այժմ մենք ասֆալտապատելու ենք մոտ 2 կմ ճանապարհ Բավրա գյուղից եւ կառուցելու ենք կամուրջ, որտեղով բեռնատարները կերթևեկեն: Կամուրջը նախագծում նախատեսված էր ի սկզբանե: Դա ավելի լավ է գյուղի համար, բեռնատարները չեն անցնի գյուղի միջով, հակառակը՝ կշրջանցեն: Քանի որ նախագիծը արդեն կա, մենք մոտ ապագայում կվերանորոգենք ճանապարհի մնացած հատվածն էլ», – ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռազմիկ Նահատակյանը:

Բրատիսլավ Իգիթխանյան