Ալաթուման գյուղում արդեն երրորդ տարին է «Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) ողջ գումարը ներդրվում է գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար, որը կրկին կմնա ոչ մինչև վերջ կառուցված։ Ալաթուման գյուղի ՕԳԾ-ով նախատեսված գումարը կազմում է 16 000 լարի։

Մինչ օրս մարզադաշտի վրա արդեն ծախսվել է 32000 լարի, այս տարի պատրաստվում են ծախսել ևս 16 000 լարի։ Ընդհանուր գումարը կկազմի 48 000 լարի։ Բայց բնակիչներն ասում են, որ մարզադաշտի համար անհրաժեշտ է նաև ծածկույթ գնել, իսկ դա հավանաբար կթողնեն հաջորդ ՕԳԾ-ին։

Գյուղի բնակիչները ողջունում են մարզադաշտի կառուցումը, քանի որ երեխաների համար տեղ կլինի, որտեղ նրանք կկարողանան ժամանակ անցկացնել և զբաղվել սպորտով։ Բայց ծախսած գումարների մասին չեն խոսում, նշելով. «Դա իմ գործը չէ, իրենք ավելի լավ գիտեն»։

Ալաթուման գյուղի նախկին մասնագետ Մակբեթ Տոնոյանի խոսքով, ամենայն հավանականությամբ գումարը չի բավարարի մինի-մարզադաշտի շինարարությունն ավարտին հասցնել։

«Երկաթե ցանկապատի շուրջը հարկավոր է ցեմենտ լցնել, հիմա ամրացումը փայտյա է, բնակչությունը դժգոհում է, բայց ասում են, որ շինանյութը թանկացել է, երկաթը թանկացել է»,- ասում է Մակբեթ Տոնոյանը։

Գյուղում, սակայն, հույս ունեն, որ եթե գումարը չբավարարի, ապա մինի-մարզադաշտի կառուցումը կօգնեն ավարտին հասցնել տեղական իշխանությունները։