Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ հայ համայնքը անցկացրեց հերթական խաղաղ ցույցը, պահանջելով ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը` Թուրքիայում երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգին եւ ցուցահանդեսին զուգընթաց:
Թուրքիայում երեխաների օրը նշվում է ապրիլի 23-ին, իսկ այս տարի տոնակատարությունը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ նշեցին ապրիլի 24-ին` այն սկսելով մինչև Թբիլիսիի հայ համայնքի խաղաղ հավաքի մեկնարկը:
14:00-ից հետո դեսպանատան շենքի մոտ լարված էր, դեսպանատան դիմացի տարածքը բաժանված էր մի քանի մասի՝ մի կողմում համերգն ու ցուցահանդես էր, մյուս կողմում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաղաղ ցույցը:
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանատան գործողություններն անվանեցին անընդունելի, դրանում մեղադրելով Թբիլիսիի քաղաքապետարանին: Չնայած այդ հակացույցին, նրանք կոչ արեցին հավաքվածներին չենթարկվել սադրանքներին:
Թբիլիսիի իրավապահ մարմինները երկու ցույցերի միջեւ կառուցեցին կենդանի պատնեշ, որպեսզի չլիներ բախում:
«Aliq Media»-ին տված հարցազրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթիմա Ջերեն Յազգանն ասել է, որ այդ օրը Թուրքիայում նշվում է Երեխաների պաշտպանության օրը:
1915 թ. Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան չի ընդունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածը եւ չափազանց ցավագին է վերաբերվում Արեւմուտքի քննադատությանը Ցեղասպանության հարցում:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրներոի կողմից, մասնավորապես` Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի, Գերմանիայի, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի, ԱՄՆ-ի նահանգների մեծամասնության, ինչպես նաեւ Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանների, Շվեյցարիայի Ազգային խորհրդի, Կանադայի համայնքների պալատի եւ Լեհաստանի սեյմի կողմից: