Այս տարի Ջավախքում ապրիլի 23-ին երեկոյան ավանդական ջահերով երթ չի լինի՝ պայմանավորված կորոնավարակի պատճառով Վրաստանում մտցված արտակարգ դրությունով։ Փոխարենը մարդիկ վառվող մոմեր կդնեն պատուհաններին:
Այսօր, ապրիլի 18-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը, «Վրաստանի Հայ օգնության միությունը», Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միությունը, Ջավախքի պատանեկան միությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ համատեղ հայատարարութուն են տարածել:
«Սիրելիˊ ջավախահայեր,
Կորոնավիրուս համավարակի հետևանքով և երկրում տիրող արտակարգ դրության պատճառով գալիս ենք տեղեկացնելու Ձեզ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ծրագրված միջոցառումների ժամանակացույցը․
. Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 21։00-ին միասնական կերպով յուրաքանչյուրս մեր բնակարանների պատուհաններին դնենք վառված մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների։
. Ապրիլի 24-ի առավոտյան եկեղեցիներում կատարվելու է դռնփակ Սուրբ Պատարագ։ Այնուհետև նույն օրը ժամը 12։00-ին ամբողջ աշխարհում ղողանջելու են Առաքելական մեր Սուրբ Եկեղեցիների զանգերը և կատարվելու է բարեխոսական կարգ։
Սիրելիˊ ջավախահայեր, մեր կոչն ու խնդրանքն է պահպանել արտակարգ դրության հաստատած բոլոր կանոնները։ Մենք եկեղեցիներում աղոթլու ենք նաև ձեր փոխարեն և ձեզ համար, դուք մնացեք տանը ապահով և առողջ։ Բայց և խնդրում ենք, միասնաբար մասնակցել ապրիլի 23-ի երեկոյան կատարվող մոմավառությանը՝ յուրաքանչյուրս մոմ վառենք մեր տան պատուհաններին՝ ի հիշատակ մեր Սուրբ Նահատակների։ Հիշում ենք և պահանջում»։
Նշենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: