Jnews-ը զրուցել է Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետ Գելա Վասաձեի հետ` ԱՄՆ Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների մասին, և թե ի՞նչ կտա այս ճանաչումը Հայաստանին ու ի՞նչպես է այս ամենին նայում Վրաստանը:

Gela Vasadze

Ինչո՞ւ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որո՞նք էին դրա նախադրյալները:

– Սրա վրա ազդել է երեք գործոն: Քաղաքական դասավորությունը Մեծ Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասը նույնպես դրա մի մասն է, սակայն դա ամենակարևորը չէ: Այսպիսով, Թուրքիան սկսեց իրեն պահել որպես տարածաշրջանային անկախ ուժ, ինչը, իհարկե, հարված է հասցնում աշխարհի ամենակարևոր տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին: ԱՄՆ-ը միշտ դիտարկել է Թուրքիային որպես կրտսեր գործընկեր, այն էլ հնազանդ կրտսեր գործընկեր: Բայց իրավիճակը փոխվել է: Երկրորդ գործոնը Էրդողանի գործոնն է: Սպիտակ տան ներկայիս վարչակազմի համար նա անընդունելի է: Կարելի է ասել, որ նա անընդունելի էր նաև Բարաք Օբամայի վարչակազմի համար: Թրամփը փորձեց բարեփոխել հարաբերությունները նոր Թուրքիայի հետ, բայց դա նրա մոտ այդքան էլ չհաջողվեց: Վերջապես, երրորդը գաղափարական բաղկացուցիչն է: Այս ճանաչումը տեղավորվում է նոր խիզախ աշխարհի հիմնական հոսանքի մեջ: Թիլլի, Փեյջի, Գեյթսի, Ցուկերբերգի և այլնի ստեղծած աշխարհի: Մենք արդեն լավ ծանոթ ենք այս աշխարհի կանոններին, ոմանց դա կարող է դուր չգալ, ոմանց՝ ընդհակառակը: Սա արդեն ճաշակի, կրթության և ընտրության հարց է: Այս աշխարհը կարելի է անվանել Բաղեղի լիգայի, Սիլիկոնային հովտի կամ Google-ի և Fecebook-ի աշխարհ: Բայց ինչ տարբերություն, թե ինչպես կանվանես այն: Դրան հակառակվում է հին, բարի աշխարհը, ավանդույթներով լեցուն աշխարհը: Այնուամենայնիվ, մենք կգնանք հեռու՝ փիլիսոփայություն: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ նկատի ունեմ:

Ստացվում է, որ ԱՄՆ նոր կառավարությունը հարված է հասցու՞մ Թուրքիայի իշխանություններին:
– Սա նշանակու՞մ է, որ ամերիկյան վարչակազմը ջանք չի գործադրի այս ուղղությամբ: Իհարկե, սա ինքնատիպ շոկային թերապիա կլինի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար: Բայց հիմա արդեն ակնհայտ է, որ Վաշինգտոնի համար նախընտրելի է գործ ունենալ ոչ թե իշխանությունների, այլ թուրքական ընդդիմության հետ:

Ո՞ւմ կողմը կանցնի Վրաստանը՝ ԱՄՆ-ի, թե՞ Թուրքիայի:

– Վրաստանը չի կարող որևէ կողմ անցնել: Թուրքիան Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերն է: ԱՄՆ-ն անվտանգության երաշխավորն է՝ բառիս բոլոր իմաստներով: Այո, չեմ կարծում, որ Անկարայում կամ Վաշինգտոնում ինչ-որ մեկը կպահանջի Վրաստանից որևէ մեկի կողմն անցնել: Նրանք ունեն իրենց սեփական օրակարգը, որը գրեթե ոչ մի կապ չունի Հարավային Կովկասի քաղաքական օրակարգի հետ:

ԱՄՆ-ը, Թուրքիան և ՆԱՏՕ-ն, ինչպե՞ս են նրանք համագործակցելու այս լարված պայմաններում:

– Հենց այս կերպ էլ կհամագործակցեն, ԱՄՆ-ին ճնշում կգործադրեն, Թուրքիան կփորձի հարաբերությունները ձեւակերպել իր համար առավել շահավետ ձևաչափով: Շահավետ այն իմաստով, որ Միացյալ Նահանգները կճանաչի Թուրքիայի դերը որպես տարածաշրջանային տերություն՝ անկախ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության իրավունքով: Հենց դրա համար էլ այժմ ընթանում է պայքարը: Դա նման է միաժամանակյա խաղաշրջանի, մինչդեռ Թուրքիան խաղում է մի քանի տախտակների վրա՝ ԱՄՆ-ը միանգամից խաղում է բոլորի վրա: Ոչինչ անել հնարավոր չէ, այդպիսին է համաշխարհային առաջնորդի բեռը:

Ի՞նչ կփոխի այս ճանաչումը Հայաստանի համար:

– Իհարկե, առաջին հերթին, այս ճանաչումը փոխհատուցողական հոգեբանական ազդեցություն կունենա, այն ցնցումից հետո, որն անցյալ տարի հայ հասարակությունը ստացավ պատերազմից հետո: Իհարկե ոչ ամբողջական, բայց բավականին լուրջ: Երկրորդ, սա լուրջ բոնուս է ներկայիս կառավարության համար` ընտրություններից անմիջապես առաջ: Եվ նույնիսկ ավելի լուրջ բոնուս այն կուսակցությունների համար, որոնք կաջակցեն Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցությանը: Եվ վերջապես, սա սփյուռքահայության համար տոն է, որը նույնպես առնչվում է Հայաստանին: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, պարզ է, որ խոսակցություններն այն մասին, որ այժմ Հայաստանը «կկարողանա գնալ դեպի Արևմուտք», մեղմ ասած, ամբողջովին արդարացված չէ: Կրեմլը դա երբեք թույլ չի տա, և իր տրամաբանության մեջ միանգամայն ճիշտ կլինի: Բայց հաշվի առնելով ճիշտ քաղաքականությունը, Երևանը կարող է որոշակի շահաբաժիններ քաղել այս որոշումից: Միակ հարցն այն է, թե որքանով դա կկարողանա:

Կարո՞ղ է այս ճանաչումը որևէ աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում:

Տարածաշրջանի բոլոր երեք երկրների համար տարբեր է: Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ-ի այս որոշումը Թուրքիային մղելու է դեպի Ռուսաստանի ջերմ գիրկը, կարծում եմ, ոչ այդքան կոռեկտ է: Պետք է լավ հասկանալ, որ Ռուսաստանը և Թուրքիան կատաղի մրցակցում են բոլոր այն ընդհանուր լարվածության կետերում, որտեղ նրանք ներկա են: Եվ Հարավային Կովկասը հենց այդ կետերից մեկն է: Ավելին, Թուրքիան վերջերս ընդլայնել է հենց այդ կետերի տարածքը՝ նշելով մուտքը Ռուսաստանի Դաշնության «կանոնական» տարածք՝ ուկրաինական հակամարտություն: Իհարկե, Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն պրագմատիկ համագործակցությունն այն ոլորտներում, որտեղ դա ձեռնտու է, բայց, ինչպես ասվում է՝ «ընկերությունը՝ ընկերություն, գործը՝ գործ»:

Սա Ադրբեջանի համար ոչինչ չի փոխում: Ադրբեջանի խոր ռազմավարական գործընկերությունը հաստատ չի տուժի այս որոշումից: Ընդհակառակը, Բաքուն եւս մեկ հնարավորություն կունենա աջակցելու Անկարային միջազգային բոլոր հարթակներում: Սա, իհարկե, միայն դրվագ է: Բայց մեծ հաշվով, Թուրքիան Ադրբեջանի անվտանգության գլխավոր երաշխավորի վերածելու գործընթացն արդեն սկսվել է, և դժվար թե ինչ-որ բան խանգարի դրան: Դիմակայությունը Մոսկվայից անշուշտ լուրջ կլինի: Բայց ինչպես երևում է նախագահ Ալիեւն արդեն կատարել է իր ընտրությունը և չի հրաժարվի դրանից:

Քրիստինե Մարաբյան