Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում Վրաստանի խորհրդարանը կսկսի օրինագծի քննարկումը, որով նախատեսվում է` երկրում գործող հիդրոէլեկտրակայանները շահութահարկ կվճարեն այն բնակավայրերի բյուջեներում, որտեղ նրանք տեղակայված են:
Օրինագծի մշակման վրա աշխատում է մի քանի ընկերություն և Վրաստանի վերականգնվող էներգետիկայի ասոցիացիան:
Օրինագծի նպատակն է բարելավել տեղական բյուջեների ֆինանսական վիճակը եւ տեղական բնակիչների մոտիվացիան` առ այն, որ հիդրոէլեկտրակայանները կառուցվեն իրենց շրջաններում:
«Շահութահարկը պետք է տեղական լինի եւ ուղղվի տեղական կարիքների համար», – համարում են օրինագծի մշակողները:
Վրաստանի Վերականգնվող էներգետիկայի ասոցիացիայի ղեկավար Լեւան Վեփխվաձեի խոսքերով, այս բոլոր հարկերը պետք է մնան տեղական բյուջեներում, բացի այդ, այդ միջոցների ծախսումը նույնպես պետք է կարգավորվի օրենքով:
«Օրինակ, օրենքը պետք է հստակ սահմանի, որ ասենք հիդրոէլեկտրակայաններից 50 տոկոս եկամտահարկի տեսքով ստացվող միջոցների ծախսումը պետք է ուղղված լինի ենթակառուցվածքների, սոցիալական եւ կրթական ծրագրերի եւ նախագծերի ֆինանսավորմանը», – հայտարարել է նա:
Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ տեղի բնակչությունը ՀԷԿ-երի շահագործումից որեւէ օգուտ չի տեսնում, համապատասխանաբար, նրանք շահագրգռված չեն դրանց կառուցումով:
«Եթե հիդրոէլեկտրակայանները վնասում են տարածաշրջանները, ապա նրանք պետք է փոխհատուցեն նաև այդ վնասը: Հետեւաբար, ավելի լավ կլիներ, եթե ՀԷԿ-երը վճարեին եկամտահարկը տեղական բյուջեներին, անմիջապես այնտեղ, որտեղ նրանք գործում են, այն գյուղերում, որտեղ նրանք տեղակայված են: Օրինակ, 5,5 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-երի շահութահարկը տարեկան 200,000 լարի կլինի, եւ ամբողջ գումարը պետք է ուղղվի կոնկրետ գյուղի օգտին, այլ ոչ թե մունիցիպալիտետին կամ ընդհանուր ամբողջ տարածաշրջանին», – հայտարարել է Լեւան Վեփխվաձեն:
Նրա խոսքերով, եթե ընդունվի այս փաստաթուղթը, բացառված չէ, որ տեղական բնակչությունը կփոխի իր միտքը եւ կտրականապես դեմ չի լինի ՀԷԿ-երի շինարարություններին: