Չնայած ձևական ազատությանը, որ ունի յուրաքանչյուր ինտերնետ օգտատեր, ցանկացած հասարակություն դրան ավելացնում է իր, չգրված սահմանափակումները: Ախալքալաքն ունի թույլատրելի իր սահմանները:
Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց համացանցի եւ սոցիալական ցանցերի: Տեղեկատվության աղբյուր լինելուց եւ ընկերների հետ շփման միջոցից բացի, սոցիալական ցանցերը, հիմնականում, ծառայում են որպես սեփական կյանքն աշխարհի հետ կիսելու միջոց եւ դրա հետ մեկտեղ նաև այլ մարդկանց կյանքի ընթացքին հետևելու միջոց: Ամբողջ աշխարհում ամեն օր համացանցում տեղադրվում են միլիոնավոր լուսանկարներ, տեսանյութեր եւ ուղիղ հեռարձակումներ: Այնուամենայնիվ, Ախալքալաքում գոյություն ունի սոցիալական ցանցերի օգտագործման սեփական առանձնահատկություն, որը որոշակի սահմանափակումներ է վերադնում այս գործընթացին: Այս առանձնահատկությունների մասին մեզ պատմեցին երիտասարդները, որոնք ակտիվորեն ներգրավված են այս ոլորտում:
2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Տերչանյանն ամեն օր օգտվում է սոցիալական ցանցերից, հաճախ՝ Instagram- ից:
«Ես շատ հազվադեպ եմ լուսանկար տեղադրում, – պատմում է նա, – ուղիղ եթերով էլ եմ հազվադեպ միանում: Սովորաբար ճանապարհին, դեմքս չեմ ցուցադրում: Ինչի համար: Ուղղակի, որևէ մեկի հետ շփվելու համար »:
Ամալյան սոցիալական ցանցերում ազատ պահելաձևին վերաբերում է նորմալ, եթե այն տեղավորվում է թույլատրելիի սահմաններում: «Դե, օրինակ, լողազգեստով լուսանկար հաստատ չէ»: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, յուրաքանչյուր մարդու համար սահամնները տարբեր են: «Օրինակ, եթե ինչ-որ բլոգեր ներբեռնի անկեղծ լուսանկարներ, ինձ համար միևնույն կլինի, ես պարզապես այդ էջերին չեմ հետևի: Բայց եթե նույնը անի իմ ծանոթը, իհարկե, ես կզարմանամ», – կիսվում է աղջիկը:
Ամալյան սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն չի ցուցաբերում, քանի որ նա չի սիրում իր գաղտնիքով կիսվել:
«Լուսանկար տեղադրելիս, ես երբեք չեմ մտածել, թե ինչ կմտածի իմ մասին հասարակությունը: Ես միայն ինքս ինձ հարցնում եմ, չեմ թողնում արդյոք ես շատ մարդկանց ներխուժել իմ տարածք », – պարզաբանում է նա:
Չափազանց բաց լինելը և սեփական կյանքն ի ցույց դնելը, ըստ աղջկա, 21-րդ դարի հիվանդությունն է: Օրինակ, պետք չէ քո երեխայի յուրաքանչյուր քայլը տեղադրել համացանցում, կամ ամեն օր առանց հատուկ առիթի մտնել ուղիղ եթեր: «Բայց դա յուրաքանչյուրի անձնական գործն է, եւ ես որեւէ մեկին դատապարտելու իրավունք չունեմ», – գտնում է Ամալյան: – Ուղղակի դա ձանձրալի է դառնում, ես էլ եմ լքում նման մարդկանց էջերը: Ամեն ինչ լավ է չափի մեջ»:
Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց ազատությունը Ախալքալաքի հասարակությունը խիստ սահմանափակում է: 11-րդ դասարանի աշակերտուհի Լիա Միքելաձեն պատմում է, որ յուրաքանչյուր գրառումից առաջ նա ուշադիր զննում է, թե արդյոք կարելի է տեղադրել տվյալ լուսանկարը, չեն լինի արդյոք քաղաքում դրանից հետո շշուկներ:
«Ես գիտեմ մեր քաղաքի բնակիչների մտածելակերպը, ուստի ավելորդ անգամ չեմ տեղադրում այնպիսի լուսանկարներ, որոնք հետո կքննարկվեն», – կիսվում է նա:
Լիայի խոսքերով, եղել են դեպքեր, երբ նա ցանկացել է ինչ-որ լուսանկար տեղադրել, բայց դա չի արել, օրինակ՝ լուսանկար ընդգծող հագուստով ֆիտնես ակումբից: Միեւնույն ժամանակ, նա նշում է. «Եթե հասարակությունը բացասական արձագանք չունենար, եւ այդ լուսանկարներից հետո իմ մասին բացասական կարծիք չձևավորեր, ես իհարկե, կտեղադրեի»:
Լիան ազատորեն մտնում է ուղիղ եթերներ, միայնակ կամ իր ընկերների հետ եւ չի թաքցնում իր դեմքը: Նրա խոսքով, նա ինքն իրեն շատ ազատ մարդ է համարում, բայց նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր դատապարտում են նրան:
Ի տարբերություն Լիայի, Քնարա Հովհաննիսյանը (անունը փոփոխված է) սահմանափակվում է ոչ թե իր շուրջ գտնվող մարդկանց կողմից, այլ ներքին համոզմունքներով: Նա կարծում է, որ անձը, ով տեղադրում է պրովոկացիոն լուսանկարներ, պետք է պատրաստ լինի ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներին, որոնց ինքը դեռ պատրաստ չէ: «Ես ոչ մի սահմանափակում չունեմ», – կիսվում է նա, – ես տեղադրում եմ այն, ինչ ուզում եմ ինքս: Մինչ օրս որեւէ իրավիճակ չի եղել, երբ ես կամենամ ինչ-որ բան տեղադրել և մտափոխվեմ հասարակական կարծիքի պատճառով: Մինչեւ լուսանկարի տեղադրումը, ես չեմ մտածում այն մասին, թե ինչ է ասելու հասարակությունը, բայց չեմ էլ ուզում Ախալքալաքի ժողովրդին հրահրել, ուստի ամեն ինչ ողջամտության սահմաններում է»:
Քնարայի համար ընդունելի է ցանկացած կոնտենտ, եթե այն չի կրում վիրավորական բնույթ մեկ այլ անձի նկատմամբ: «Եթե մարդը հրապարակում է անկեղծ լուսանկար, դա նրա գործն է, բայց ես չեմ ընդունում վիրավորական գրառումները, ինչպես նաեւ անպարկեշտ բառերով գրառումները», – ասում է նա:
Քնարան երբեք չի մտել ուղիղ եթեր, բայց նա լիովին չեզոք է մոտենում դրան եւ ոչ մի ամոթալի բան չի տեսնում դեմքը ցույց տալու մեջ: Նրա կարծիքով, շատ ավելի կարեւոր է, որ եթե մտնում ես ուղիղ եթեր, ապա հարկավոր է այն դարձնել հետաքրքիր:
Քնարան չի համարում, որ սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարով կարելի է եզրակացություններ անել անձի մասին: «Ի դեպ, ուզում եմ ասել, որ կարճ կիսաշրջազգեստի կամ բաց հանդերձանքի պատճառով մարդ կարող է իր քաղաքում վատ համբավ ձեռք բերել: Բայց դա դեռ չի նշանակում, որ նա վատն է: Մարդը կարող է հիջաբ կրել եւ ներքուստ շատ վատը լինել: Միայն անձնական շփման ժամանակ կարելի է հասկանալ, թե որքան խորն է նա հոգեպես, որքան խելացի, անկախ նրանից, թե ինչ է նա տեղադրում »:
Անխոս, ապրել հասարակության մեջ եւ ազատ լինել հասրակությունից անհնար է: Մարդկանց վարքագծին ազդում է էթնիկ պատկանելիությունը, շրջապատը եւ նույնիսկ բնակության վայրը: Կարելի է ընդունել կամ չընդունել այն, ինչ տարբեր օգտատերեր տեղադրում են, բայց հարկ է հիշել, որ հենց Ձեր լուսանկարը կամ տեսանյութը հայտնվում է հանրային գոտում, մարդիկ ստանում են այն գնահատելու, դրա մասին կարծիք հայտնելու իրավունք, ինչը նշանակում է, որ Դուք պետք է պատրաստ լինեք լսելու եւ պատասխանատվություն կրելու Ձեր տեղադրած կոնտենտի համար:
Ամալյա Բաբայան