Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի 25 կմ հատվածով գրեթե հնարավոր չէ երթևեկել բազմաթիվ փոսերի պատճառով: Վարորդները բողոքում են ճանապահի անմխիթար վիճակից, իսկ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ճանապարհի վերանորոգումը կիրականացվի նոր անցակետի կառուցումից հետո:
Մինչ պատկան մարմինները կորոշեն Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի վերանորգման մասին, վարորդները ամեն օր փորձում են «հաղթահարել» գրեթե անանցանելի ճանապարհը:
«Ամեն օր ուղևորներ եմ փոխադրում Ախալքալաքից Երևան և հակառակը, մինչև հասնում ենք Գյումրի կյանքիս կեսը գնում է: Հազար մարդ անցնում է սահմանով: Երևի մի 5 տարի առաջ էր, Սաակաշվիլու օրոք ճանապարհը սարքեցին, բայց անորակ: Չանցած մի տարի քանդվեց: Ախալքալաքից մինչև Գյումրի ճանապարհը նույն քանդված վիճակն է: Ոչ Հայաստանն է ուշադրություն դարձնում, ոչ էլ Վրաստանը»,- ասաց Ախալքալաք-Երևան երթուղու վարորդ Արտյոմ Դեմիրճյանը:
Այս ճանապարհահատվածի վիճակը առավել վատթարացավ 2015 թվականի հունվարի առաջին օրերին, երբ ուժեղ ձնաբքի պատճառով հարյուրավոր մեքենաներ 2 օր խցանված մնացին՝ Նինոծմինդայի Գորելովկա գյուղից մինչև Բավրայի անցակետ ընկած հատվածում: Մարդկանց ձնաբքի գերությունից ազատելու համար գործի տրվեց ծանր տեխնիկան: Առանց այն էլ քանդված ճանապարհն էլ ավելի քանդվեց:
Վարորդների խոսքերով Ախալքալաքից մինչև վրաց-հայկական սահման քառորդ ժամվա փոխարեն 2 ժամ է տևում:
«2 ժամ է տևում մինչև սահման: Լարված վարում ես, որ հանկարծ փոսը չընկնես, բայց մեկ է նորից ընկնում ես: Ամեն գնալ-գալուց մեքենաներս ջարդվում են: Անձրևից հետո փոսերը լցվում են ջրով և չենք նկատում փոսը»,- ասաց Արմեն Չիվչյանը, ով ևս ամեն օր ուղևորներ է փոխադրում Երևան:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից Jnews.ge լրատավականին տեղեկացրին, որ Նինոծմինդայից մինչև Բավրայի սահմանային անցակետ ճանապարհի վերանորոգման աշխատանքներ նախատեսվում են նոր անցակետի կառուցման ավարտից հետո. «Նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքներ ճանապարհի ամենավատ հատվածում, սպասում ենք, որ անցակետի աշխատանքներն ավարտվեն, որից հետո ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար կհայտարարվի էլեկտրոնային մրցույթ»:
Ախալքալաքից մինչև վրաց-հայկական սահմանային անցակետ ընկած միջպետական ճանապարհահատվածը սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: Այժմ այն իրականացնում է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի «կարկատանների» ասֆալտապատման աշխատանքները:
«Մենք սպասարկում ենք այդ ճանապարհը, ճանապարհային նշաններ, կարկատաններ և այլն: Պետական այս ճանապարհը բավականին շատ է քանդված՝ լուրջ և ծավալուն աշխատանք է պահանջում»,- ասաց «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն:
Նշենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին: Մինչ նրանք որոշում կայացնեն, թե երբ է հնարավոր հիմնովին ասֆալտապատման աշխատանքներ իրակացնել ճանապարհի փոսառատ հատվածները կլցվեն խճով:
«ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքերով առաջիկա օրերին ճանապարհի անբարեկարգ հատվածների, փոսերի նորոգման և խճապատման աշխատանքներ կկատարվեն:
«Մենք փոսերը պետք է խճով լցնենք մինչև որոշում ընդունվի հիմնական ասֆալտապատման համար: Խճապատումը օրերս կկատարվի»,-ասաց նա:
Նշենք, որ Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը հիմնովին վերանորգվեց «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը տրամադրել էր 295 մլն դոլար` Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի անանցանելի հինգ ճանապարհահատվածների նորոգման համար: Այդ գումարից 102 մլն դոլարը հատկացվել էր Նինոծմինդա-ՀՀ սահման հատվածին և Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին:
Աղունիկ Այվազյան