Երեկ, Ախալքալաքի Մշակույթի տան շենքում տեղի ունեցավ Թբիլիսիի Երկաթուղային տրանսպորտային քոլեջի կրթական ծրագրի շնորհանդեսը:

Շնորհանդեսը անցկացրեց քոլեջի տնօրեն Մանանա Մեսրապաշվիլին: Նա հակիրճ խոսեց քոլեջի պատմության մասին: Ուսանողների առաջին հոսքը եղել է 2018 թ.-ին, եւ այժմ այնտեղ սովորում է 250 մարդ: Քոլեջը մասնագետներ է պատրաստում երկաթուղում աշխատելու համար:

«Մեր նպատակն է պատրաստել մրցունակ, արհեսավարժ, պրոֆեսիոնալ միջազգային պահանջներին համապատասխան կադրեր», – ասաց նա:

Քոլեջում կրթությունն անվճար է, և անցկացվում է 2 փուլով, յուրաքանչյուր ծրագրի տեւողությունը 20-22 ամիս է: Նախ, ուսանողները քոլեջում տեսական գիտելիքներ են ստանում, իսկ երկրորդ փուլում գործնական մասը սովորում են երկաթուղում: Գործնական ուսման ժամանակ ուսանողը ստանում է 150 լարի կրթաթոշակ:

Դիմորդները ընդունելության քննությունը կարող են հանձնել իրենց մայրենի լեզվով, այնուհետեւ նրանք կսովորեն պետական լեզուն, որը կապահովի քոլեջը:

Ծրագիրը կավարտվի որակավորման քննությամբ, եւ շրջանավարտները կապահովվեն աշխատանքով: Քոլեջի տնօրենի խոսքերով, ավարտելուց հետո բոլոր ուսանողները անպայման կտեղավորվեն աշխատանքի:

Քոլեջ ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ատեստատ եւ լուսանկար (3×4):

Քոլեջը պատրաստում է կադրեր հետեւյալ մասնագիտություններով.

1. Երկաթուղու կառուցում,

2. Երկաթուղու մոնիտորինգ,

3. Երկաթուղու էլեկտրամատակարարում,

4. Լոկոմոտիվային կառավարում,

5. Վագոնային տնտեսություն (վագոնների, շենքերի, շինությունների,տեխնոլոգիական սարքավորումների սպասարկում)

6. Երկաթուղային փոխադրումներ,

7. Երկաթուղային տրանսպորտի ահազանգում, կենտրոնացում եւ արգելափակում,

8. Երկաթուղու էլեկտրաշարժական կազմը,

9. Բեռնա-տրանսպորտային լոգիստիկա:

jddkoledj

Շուշան Շիրինյան