Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) ENPARD ծրագրի շրջանակներում սկսել է ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլը: Ընտրության երկրորդ փուլ անցած նախագծերի հեղինակները ընդունող հանձնաժողովին են ներկայացնում ծրագրերի շնորհանդեսները:
Ապրիլի 18-ին Ախալքալաքի զարգացման խումբը սկսել է լսել նախագծերի շնորհանդեսները: 110 նախագծային գաղափարներից 70-ն անցել են առաջին փուլը, որոնցից 54-ը հեղինակների կողմից պաշտպանվելու են ընդունող հանձնաժողովի առջև:
Նախագծերը քննարկում է 7 մարդուց բաղկացած գնահատող հանձնաժողովը: Նախագծերի պաշտպանության ընթացքում ներկա են GIPA -ի անկախ փորձագետ Նուգզար Ճիճինաձեն, տարածաշրջանային ծրագրերի համակարգող Իրակլի Խերոդինաշվիլին:
Հայտատուները ներկայացնում են իրենց նախագիծը բացատրելով նրա մանրամասները, պատասխանելով հանձնաժողովի եւ փորձագետների հարցերին:
Ըստ ծրագրի համակարգող, Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) աշխատակից Քեթեւան Ռուխաձեի, անկախ փորձագետներ եղել են յուրաքանչյուր հայտատուի մոտ եւ դրել իրենց գնահատականները:
«Փորձագետների զեկույցները տրամադրվել են գնահատման կոմիտեին, որն ունի լիարժեք հայտ, անկախ փորձագետի գնահատական և ներկայիս շնորհանդեսը: Այսօր մենք վերանայել ենք 18 նախագիծ, եւ ես կարծում եմ, որ դրանցից 6-ը LAG -ը կարող է ֆինանսավորել, սակայն դա կորոշի գնահատման հանձնաժողովը: Նրանք յուրաքանչյուր հայտատուին գնահատում են մի քանի չափանիշներով », – ասում է Քեթևան Ռուխաձեն ապրիլի 18-ին, շնորհանդեսի առաջին օրը, jnews- ին տված հարցազրույցում:
Չափանիշները, որով հանձնաժողովը գնահատում է՝ հայտատուի փորձն է, ծրագրի համապատասխանությունը LAG –ի ռազմավարությանը, արդյունավետությունը, կայունությունը եւ բյուջեն:
Ախալքալաքում նախագծի համակարգող Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, առաջին հերթին ծրագրի գաղափարը պետք է համապատասխանի Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) կողմից մշակված առաջնահերթություններին:
LAG- ի կողմից մշակված առաջնահերթությունները հետեւյալն են՝
1. տնտեսություն, գյուղատնտեսություն, փոքր եւ միջին բիզնես
2. սոցիալական ծրագրեր
3. տուրիզմ եւ մշակույթ
4. Էկոլոգիա
Նշենք, որ առաջնահերթությունների մշակման ընթացքում LAG -ը ներառել է կետեր, որոնք վերաբերվում են երիտասարդությանը, գենդերին, նորարարություններին, բնապահպանությանը եւ էկոլոգիային, ինչպես նաեւ ինտեգրմանը:
«Դիմորդների համար, ովքեր կանցնեն երրորդ փուլ, մենք կանցկացնենք թրեյնինգ, ապա նրանց կտանք վերջնաժամկետ բիզնես պլան ներկայացնելու համար ու այդ ծրագրերը կուղարկենք փորձագետին», – ասաց Ախալքալաքում ծրագրի համակարգող Սերգեյ Խաչատրյանը:
Ախալքալաքում ENPARD ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի առաջին մրցույթում ֆինանսավորվել է 16 ծրագիր: 15-ի պայմանագիրն արդեն ստորագրված է, իսկ մեկն ընթացքի մեջ է:
Շուշան Շիրինյան