Օգոստոսի 9-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության փոխնախարար Պետրե Կանկավան և Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի տնօրեն Քեթևան Մախարաշվիլին մասնակցեցին վրացերենի դասընթացին։

Արդեն երկու շաբաթ է ինչ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում ընթանում են վրաց լեզվի ուսուցման դասեր, որը իրականացվում է տեղի հոգևորականների և մյուս աշխատակիցների ցանկությամբ: Մայրաքաղաքից ժամանած հյուրերի այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ դասապրոցեսին և տեսնել ու գնահատել պետական լեզուն սովորել ցանկացողների աշխատանքը։

Հյուրերի և սովորողների հանդիպումը անցկացվեց դասապրոցեսի ընթացքում, որին հաջորդեց կարճ ծանոթություն և հարց-պատասխան։
«Ես գնահատում եմ ձեր պետական լեզու սովորելու ցանկությունը և ցանկանում եմ արդյունավետ դասապրոցեսներ։ Վրաստանը, լինելով բազմազգ պետություն կարևորում է քաղաքացիների պետական լեզվի իմացությունը և հատուկ խմբերի համար ընձեռում է սովորելու հնարավորություն։ Ապրելով Վրաստանում, տիրապետելով վրաց լեզվին քաղաքացին ընձեռվում է լայն հնարավորություններ, թե սովորելու և թե աշխատելու համար։ Այսօր 1+4 ուսումնական ծրագիրը նույնպես ուղղված է նույն միտումին: Ունենալով կրթված ու լեզվին տիրապետող քաղաքացի, մենք կունենանք ավելի զարգացած և բարեկեցիկ պետություն», – իր խոսքում ասաց Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին։

gimbirda

Դասապրոցեսից հետո հյուրերը ուղևորվեցին Գումբուրդո գյուղ տեսնելու նորակառույց դպրոցը, որը կառուցվել է բարեգործների ֆինանսավորմամբ և կգործի 2017-2018 ուսումնական տարում։ Շրջելով արդեն ամբողջապես կառուցված դպրոցում, փոխնախարարները ողջունեցին բարեգործի մարդասիրական քայլը և կրթության բնագավառում նրա ունեցած մեծ ներդրումը:

Ջուլիետա Տոնականյան