Հարթեցման աշխատանքներ է իրականացվում Նինոծմինդա-Բավրա մինչև Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Այս ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը մինչև 2019 թ. նոյեմբերի 6-ն է:
Նինոծմինդայից Հայաստանի սահման տանող ճանապարհի մոտ 15 կիլոմետր հատվածը գրեթե անանցանելի է, ճանապարհին գոյացած մեծ և խորը փոսերի պատճառով: Վարորդներն անընդհատ բողոքում են, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար, և իրենք ստիպված ամեն անգամ այս ճանապարհով երթևեկելուց հետո մեքենաներն են վերանորոգում: Jnews-ը բազմիցս անդրադարձել է Նինոծմինդա-Բավրա անցակետ տանող ճանապարհի մեղմ ասած անմխիթար վիճակին:
Օրեր առաջ մեզ հետ հեռախոսազրույցում «Ջավախ-Ավտո-Գզա» ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն վստահեցրեց՝ առաջիկայում եղանակը տաքանալուն պես ճանապարհը ժամանակավոր կհարթեցվի, որպեսզի այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներն անարգել կարողանան անցնել:
«Երբ սկսվեն Օրլովկա-մաքսակետ վերանորոգման աշխատանքները, մենք զուգահեռաբար կլուծենք Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածի հարցը, որպեսզի ավտոմեքենաները կարողանան առանց որևէ դժվարության երթևեկել», – նշեց նա:
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով՝ Նինոծմինդա-Օրլովկա և Օրլովկա-սահման:
Նշենք, որ այս հատվածի վերանորոգումն արդեն երկար տարիներ քննարկման թեմա է հանդիսանում ինչպես Վրաստանի և Հայաստանի բնակիչների, այնպես էլ այդ երկրների պաշտոնյաների միջև: Բազում նախընտրական և պարզապես խոստումների արդյունքում, վերջապես, Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների բաժանմունքը տենդեր էր հայտարարել 2018 թվականին՝ Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի կապիտալ վերանորոգման համար:
Մրցույթը հաղթել էր «Սաքմիլսադենշենի» ընկերությունը՝ 13,808,673 լարիի գումարով: Կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի հուլիսի 6-ին: Վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը, ըստ տենդերի պայմանների, մինչև 2019 թ. նոյեմբերի 6-ն է:
Լուսանկարը՝ ռադիո Nor-ի