Դպրոցը, որը Գորելովկա գյուղում հիմնվել է ռուս դասական Լև Նիկոլաևիչ Տոլստոյի միջոցներով, արդեն գոյություն ունի ավելի քան 100 տարի: Այս շենքը ստացել է Վրաստանի Մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Դպրոցի տնօրինությունը ցանկանում է դիմել նախարարությանը, որպեսզի դպրոցը պաշտոնապես կրի հիմնադրի անունը:
Հին շենքի հսկայական պատերը, վառարանների ծխնելույզները, Տոլստոյի դիմանկարներն ու կապուտաչյա, բարեհամբյուր երեխաներն են՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի թիվ 1 ռուսական դպրոցն իր այցելուին դիմավորում է հենց այսպես: Առաջին իսկ րոպեներից զգացվում է մեծ պատմություն ունեցող այս փոքրիկ դպրոցի ջերմ, բարյացակամ մթնոլորտը:
Այստեղ նամակը, որը նախկին տնօրենը գրել էր իրեն փոխարինողին, մեծ հոգատարությամբ ու զգուշությամբ են պահում, քանի որ այնտեղ նկարագրված է դպրոցի պատմությունը, որը հազիվ թե գտնես մեկ ուրիշ տեղ: Նամակում փոխանցվում է, որ Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1903 թվականին և սկզբնական շրջանում այն 4-ամյա տարրական կրթություն էր տալիս: Մինչ այդ, ավանի բնակիչները՝ ռուսական բողոքական աղանդավորները, չէին սովորում և գրագետ չէին: Տեղացիները հաճույքով և երախտագիտությամբ են խոսում մեծ դասական Լ.Ն.Տոլստոյի հովանավորության մասին դուխոբորներին, ովքեր արտաքսվել էին այս հողեր 19-րդ դարի կեսերին: Ենթադրվում է, որ գրողը «Հարություն» վեպի համար ստացած գրավարձի մի մասով ֆինանսավորել է դուխոբորների արտագաղթը Կանադա, իսկ մյուս մասնաբաժինը հատկացրել է այս դպրոցի հիմնադրմանը:
«Իհարկե, մենք մեր մեջ այդպես (խմբ. նկատի ունի Տոլստոյի անունը) ենք անվանում, բայց ես որևէ փաստաթղթային հաստատում չունեմ: Ես ուզում եմ դիմել նախարարությանը` դպրոցին պաշտոնապես Տոլստոյի անունը շնորհելու կապակցությամբ», – կիսվում է դպրոցի տնօրեն Տատյանա Կարևան:
Ինչո՞ւ էր ռուս գրողն օգնում դուխոբորներին: Ի տարբերություն համաժողովրդական համոզմունքների, Տոլստոյն չէր պատկանում այս կրոնական խմբին, սակայն քննադատում էր Ռուս Ուղղափառ Եկեղեցուն իր հարստության և չափազանց ծիսականության համար, իսկ ցարական իշխանության պետական ապարատը՝ նրա դաժանության և բռնության համար: Իր բարեգործությամբ նա ցույց էր տալիս իր խաղաղ անհնազանդությունն իշխանություններին և միևնույն ժամանակ փորձում էր գոնե որոշակի օգուտ բերել բնակչության անապահով խավին:
Մի ժամանակ, շրջանի բոլոր դուխոբորական բնակավայրերից բոլոր աշակերտները գալիս էին այստեղ սովորելու, քանի որ միայն այս դպրոցն էր լրիվ միջնակարգ կրթություն տալիս (11 դասարան): Այն ժամանակ աշակերտների թիվը հասնում էր 500-ի:
Այսօր, բնակիչներն արտագաղթի մի քանի ալիքներից հետո, դպրոցում ընդամենը 40 աշակերտ կա: Իրար կողք կողքի սովորում են՝ հայեր, ռուսներ, վրացիներ:
«Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ ամեն ինչ կա դպրոցում, մենք ոչնչի կարիք չունենք», – ասում է Տատյանան:
Եվ իրոք, այս փոքրիկ շենքում տեղավորվել է և իր սեփական գրադարանը, մարզադահլիճը և համակարգչային դասարանը: Այն, ինչ բացակայում է, ճաշարանն է, որը նրանք չեն կարողանում ապահովել ազատ դասարանի բացակայության պատճառով, դպրոցում սովորում են աշակերտների մի քանի հերթափոխ:
Դպրոցի անձնակազմը՝ աշակերտների հետ միասին, հաճախ են ճանապարհորդում՝ մասնակցելով տարբեր միջոցառումների: Օրինակ, նախորդ տարվա հունիսին դպրոցականները դարձան Թբիլիսիում անցկացված «Էտալոն» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլի հյուրերը, ինչպես նաև կազմակերպեցին համատեղ այց դեպի Գրիբոեդովի անվան թատրոն: Դպրոցը փորձում է համակողմանի զարգացնել երեխաներին` մեր այցելության ընթացքում շախմատային մրցաշար է ընթանում:
2018 թ.-ին դպրոցը պաշտոնապես ստացավ Մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ, իսկ 2011 թվականին, Վրաստանում Լև Տոլստոյի օրերի շրջանակներում, դպրոց այցելեց ուղիղ ժառանգորդ, գրողի ծոռնորդի Վլադիմիր Տոլստոյը:
Դպրոցի շրջանավարտներից շատերը շարունակում են իրենց ուսումնառությունը բուհերում, սակայն որոշակի խնդիրներ կան ընդունելության առումով՝ ռուսալեզու աշակերտները չեն կարողանում մասնակցել ազգային փոքրամասնությունների համար «1 + 4» ծրագրին, քանի որ քննությունը ռուսերենով նախատեսված չէ: Այս առումով դուխոբորների ներկայացուցիչները իշխանությունների կողմից խտրականություն են զգում: Հաճախ դպրոցի շրջանավարտները շարունակում են իրենց ուսումը Հայաստանում կամ Ռուսաստանում, որտեղից էլ, շատ հաճախ, չեն վերադառնում:
Ամալյա Բաբայան