Վրաստանի հանրակրթական դպրոցներում երկրորդ կիսամյակը խառը ձևաչափով կանցկացվի: Երկրի շուրջ 1700 դպրոցում դասապրոցեսը կսկսվի դասասենյակներում։
«Հունվարի 18-ին մեկնարկում է 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այս կիսամյակը կսկսվի համաձայն կրթության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանագրի: Մեծ քաղաքներում ուսումնական պրոցեսը վերսկսվելու է հեռակա կարգով: Առցանց ուսուցումը կսկսվի նաև Աջարիայի տարածքում գործող ուսումնական հաստատություններում: Ինչ վերաբերում է Վրաստանի բոլոր մյուս հանրակրթարաններին, ապա ուսումնական գործընթացը կսկսվի դասասենյակներում», – հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն։
Համապատասխանաբար՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավում, Թելավում, Զուգդիդում, Զեստափոնիում, Գորիում, Փոթիում, Մառնեուլում և Գարդաբանում ուսումնական գործընթացը կլինի հեռակա կարգով։ Առցանց ուսուցում կլինի նաև Աջարիայի դպրոցներում: Երկրի մյուս դպրոցներում դասապրոցեսը կվերսկսվի դասասենյակներում, և այդ դպրոցների թիվը հասնում է 1700-ի։
Աղբյուրը՝ etaloni.ge