Երկար տարիներ է Նինոծմինդայի № 1 հանրային դպրոցը զուգարան չունի: Չնայած հովանավոր կա, ով պատրաստ է նոր զուգարանի շինարարության ծախսերը հոգալ, սակայն շինարարության համար պաշտոնական թույլտվություն չեն տալիս
Նինոծմինդայի շրջանի № 1 հայկական հանրային դպրոցը կիսաքանդված վիճակում է գտնվում, պատերի ճեղքերը տարեցտարի մեծանում են, դպրոցում չկա կոյուղի, զուգարան և ջուր: Այս դպրոցն աշակերտների քանակով ամենամեծն է Նինոծմինդայի շրջանում: Քաղաքի № 1 հայկական դպրոց է հաճախում 353 աշակերտ:
Դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով՝ դպրոցի շենքում տեղ չկա, իսկ շենքին կից կառուցել չեն թույլատրում:
«Մեզ ասացին, որ չենք թույլատրում դպրոցի շենքին կից զուգարան կառուցել, կարող եք կառուցել շենքի ներսում: Մեր դասասենյակները չեն բավարարում, երկու հերթափոխով ենք դաս անցկացնում, չկա ազատ և հարմար տեղ, որտեղ ուզում ենք զուգարան կառուցել բոլոր հնարավորությունները կան, կողքին կոյուղի, ջուր»,- ասաց նա:
Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունից մեզ տեղեկացրին, որ դպրոցի կողմից ներկայացված նախագիծը չի համապատասխանում շինարարական և սանիտարահիգենիկ չափանիշներին:
«Ներկայացված նախագիծը չի համապատասխանում Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված նորմերին ու չափանիշներին: Այս նախագիծը հակասում է Վրաստանի կառավարության №41 որոշմանը, ինչպես նաև երկու օրենսդրական ակտերի սանիտարահիգենիկ նորմերի, ինչպես նաև չի համապատասխանում Էկոնոմիկայի նախարարության շինարարական չափանիշներին: Այս դեպքում ոչ նախագիծն է համապատասխանում, ոչ էլ շինարարության համար նախատեսված վայրը»,- ասաց Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ճարտարապետության ծառայության ղեկավար Զուրաբ Նիկոլաշվիլին:
Նրա խոսքերով, Նինոծմինդայի №1 դպրոցի զուգարանի շինարարության հարցը կորոշվի, գործակալությունը կօգնի դպրոցին, որպեսզի ճիշտ նախագիծ ներկայացվի, բոլոր չափանիշներին համապատասխան: Զուրաբ Նիկոլաշվիլու խոսքով, անհրաժեշտություն չկա զուգարանը պարտադիր դպրոցի շենքում կառուցվի, գլխավորը դպրոցի տարածքում լինի, դպրոցի կողմից ներկայացված վայրը չի համապատասխանում չափանիշներին:
№1 հայկական դպրոցի տնօրենը այժմ գտնվում է Թբիլիսիում և զբաղվում է հենց զուգարանի շինարարության հարցով:
Բորիս Ղարսլյան