Համավարակի պատճառած տնտեսական ճգնաժամի պատճառով լարին կորցրեց իր արժեքն այլ արժույթների նկատմամբ: Դժբախտությունը մենակ չի գալիս, դրան զուգընթաց աստիճանաբար աճեցին նաև սննդամթերքի գները: Եվ հիմա, երբ լարին որոշակիորեն ամրապնդել է իր դիրքերը, Վրաստանի բնակչության մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք դրան կհետեւի սննդամթերքի գների նվազումը: Ինչպես պարզաբանում են փորձագետները, այս փուլում լարիի հաստատման հետ մեկտեղ սննդամթերքի գների կտրուկ նվազում պետք չէ սպասել:

Ի՞նչ կարելի է ակնկալել երկրի տնտեսությունից, ինչո՞ւ է այն հայտնվել անկման մեջ և ե՞րբ ու ի՞նչ պայմաններում այն կվերականգնվի, այս և շատ այլ հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է Վրաստանի առաջատար տնտեսագետ, Ռոնդելի հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Պապավայի հետ:

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ո՞ր ապրանքներն են թանկացել:

– Հիմնականում, պարենային ապրանքների գներն են բարձրացել, ինչը և սպասելի էր: Երբ տնտեսական ճգնաժամը աճում է, պարենային ապրանքների պահանջարկը՝ նույնպես, առաջարկը նվազում է, այդ թվում՝ խնդիրները կապված են այն բանի հետ, որ Ռուսաստանը խառնաշփոթ էր ստեղծում ցորենի արտահանման գների հետ կապված, ինչը բնական է Ռուսաստանի ազգային շահերից է բխում: Եվ քանի որ Վրաստանը հիմնականում ցորենը ներմուծում է Ռուսաստանից, մեր երկրում, բնականաբար, դա նույնպես ազդեց հացամթերքի գների վրա: Մյուս մթերքները նույնպես թանկացան, քանի որ տնտեսական ճգնաժամի պայմաններում պարենային ապրանքներն ամենից շատն են թանկանում:

Արդյո՞ք գնաճը կախված է նաև նրանից, որ Վրաստանում ներմուծումը շատ ավելին է, քան արտահանումը, և որ գները գործնականում սահմանվում են դրսից:

– Վրաստանում ներմուծումը 2,8 անգամ գերազանցում է արտահանումը: Սա նշանակում է, որ Վրաստանը ներմուծումից կախված երկիր է: Հետևաբար, եթե միջազգային շուկաներում գները բարձրանում են, ապա ներմուծման գներն աճում են: Բնականաբար, եթե միջազգային գներն աճել են, ապա Վրաստանը ոչ մի տեղից չի կարող ավելի էժան գնել: Նման ապրանքների ներմուծման հետ միասին տեղի է ունենում նաև գնաճի ներկրում, ինչը բնական է ոչ միայն Վրաստանի, այլև աշխարհի բոլոր երկրների համար, որոնք հիմնականում կախված են ներմուծումից:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում դոլարը բարձրացել է: Երբ լարին ընկնում է, և դոլարի գինը հակառակը՝ բարձրանում է, ապա մենք նկատում ենք այն, որ սննդամթերքի գները բարձրանում են, սակայն երբ դոլարի գինը անկում է ապրում, սննդամթերքի գները չեն իջնում: Ինչո՞ւ է դա այդպես:

– Սա շատ պարզ է, քանի որ գինը ձեւավորվում է առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելով: Եթե հանկարծ լարիի փոխարժեքը սկսել է բարձրանալ, լարին սկսել է ամրանալ, իհարկե, ներմուծողների համար ներմուծումը էժանանում է: Դա չի նշանակում, որ նրանք կնվազեցնեն սննդամթերքի գները վրացական շուկայում: Քանի որ առաջարկն ու պահանջարկն արդեն հավասարակշռված են: Բիզնեսը պարզապես ավելի շատ շահույթ է ստանում, և սա է ամբողջ էֆեկտի էությունը: Գները կնվազեն, եթե շուկայում մրցակցություն լինի, եթե հայտնվի նոր ընկերություն և սկսի ներմուծել ավելի ցածր գներով: Իսկ եթե նոր մրցակիցներ չկան, ինչու ներմուծողը պետք է գինն իջեցնի, քանի որ լարին սկսել է ամրապնդվել, դա չի բխում բիզնեսի շահերից: Նրանք պարզապես ավելի շատ շահույթ են ստանում, և վերջ:

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել լարիի արժեքի անկման վրա:

– Կարող եմ ասել, որ համավարակի պատճառով տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ, իսկ երբ լիարժեք ճգնաժամ է, դա արտացոլվում է փոխարժեքի վրա, և, իհարկե, լարին տուժեց, որը սկսեց արժեզրկվել: Աշխարհում ոչ ոք չի կանխատեսում տարադրամի փոխարժեքի արժույթները, դա սկզբունքորեն անհնար է: Շատ բան է կախված նրանից, թե որքան արդյունավետ կգործի Վրաստանի ազգային բանկի ղեկավարությունը, որպես երկրի կենտրոնական բանկ, լարիի հետ կապված: Որքանով նրանք զգայուն կլինեն բոլոր այն փոփոխությունների նկատմամբ, որոնք կապված են Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքի հետ:

Բացի դոլարի վաճառքից, որը նախորդ տարի բազմիցս եղավ, ինչպե՞ս է Վրաստանի ազգային բանկը պայքարում լարիի արժեզրկման դեմ:

– Իհարկե, Վրաստանի ազգային բանկը, սկսած 2020 թվականի մարտից, ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) առաջարկությամբ, սկսեց ակտիվորեն միջամտել լարիի փոխարժեքի կայունացմանը, չնայած որ այդ միջամտությունը միշտ չէ, որ հաջող էր: Այդ պատճառով տեղի ունեցան լարիի փոխարժեքի ցատկումներ, որոնք բացասական ազդեցություն ունեցան երկրում տնտեսական իրավիճակի վրա:

Տնտեսության ո՞ր ճյուղերը տուժեցին համավարակից և լոքդաունից:

– Արդյունքում տուժեցին են բոլոր այն արդյունաբերությունները, որոնք հիմնված են մարդկանց անմիջական փոխհարաբերությունների վրա: Դե, իհարկե, տուժեց տուրիստական ոլորտը և ռեստորանները: Քանի որ այս ճյուղերը փոխկապակցված են, սա մեկ: Եվ երկրորդ, այս երկու ոլորտները հիմնված են ուղղակիորեն մարդկանց շփման վրա: Քանի որ վերջին տարիներին Վրաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է, զարմանալի չէ, որ տուրիստական գործունեության դադարեցումը, ռեստորանային գործունեության դադարեցումը խիստ բացասական ազդեցություն ունեցան Վրաստանի տնտեսության վրա:

Կորոնավիրուսի պատճառով կիրառված սահմանափակումները վերացնելուց հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի տնտեսության վերականգնման համար: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

– Տնտեսության ամբողջական վերականգնում… Ոչ ոք չի կարող կատարել այս կանխատեսումը, քանի որ ոչ ոք չի կարող կանխավ իմանալ, թե կլինի արդյո՞ք կորոնավիրուսի չորրորդ ալիքը, թե՝ ոչ: Ամբողջ աշխարհի գիտնականները, բժիշկներն իրենք էլ դեռ կասկածանքի ու տարակուսանքի մեջ են: Եթե լինի չորրորդ ալիք, դա կնշանակի, որ տնտեսությունը ստիպված կլինեն կրկին փակել: Այսինքն՝ կրկին տնտեսական անկում կլինի, և որևէ վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Եթե չորրորդ ալիքից հնարավոր լինի խուսափել, ապա, իհարկե, կարելի է ավելի լավատեսական կանխատեսումներ անել: Ներկայումս, ըստ էության, անհնար է քիչ թե շատ հստակ ասել, թե որ սցենարն է գերակշռում: Կրկին, ամեն ինչ կախված է քովիդ-համավարակի դեմ պայքարում բժշկության հաջողությունից:

Ի՞նչ է անում կառավարությունը՝ համավարակից տնտեսությանը հասցված հարվածը մեղմելու համար:

Առաջին հերթին, կառավարության հիմնական խնդիրը երկրում զանգվածային պատվաստման ապահովումն է: Այնպես որ, եթե նույնիսկ չորրորդ ալիք լինի, այն այնքան ուժեղ չի լինի, որ նորից տնտեսությունը փակվի: Լավատեսական կանխատեսումների համաձայն, մինչեւ տարեվերջ Վրաստանում պետք է պատվաստվի բնակչության մոտ 60-70%-ը: Այսինքն՝ սա այս փուլում կառավարության գերխնդիրն է: Մյուս կողմից, կառավարությունը հնարավորինս ազատականացրել է բիզնեսի հետ հարաբերությունները, այսինքն՝ հարկերի վճարման ժամկետները հետաձգվել են, որոշ զիջումներ են կատարվել և ֆինանսական օգնություն է տրվել: Իհարկե, այս ամենը շատ քիչ է, բայց երկիրը պարզապես չունի այլ ֆինանսական ռեսուրսներ: Կարծում եմ, որ կառավարության հիմնական նպատակը տնտեսական խնդիրներից կրկին խուսափելն է և բնակչության պատվաստման արագացումը:

Համաշխարհային բանկն այս տարի և հաջորդ տարի կանխատեսում է ՀՆԱ-ի աճ: Այս կանխատեսումներն իրատեսակա՞ն են:

– Իհարկե, Համաշխարհային բանկը ավելի լավատեսական կանխատեսումներ է անում, Վրաստանի ֆինանսների նախարարը լավատեսական կանխատեսում է արել՝ տարեկան ավելի քան 6%-ով: Սա հիմնականում հիմնված է այն փաստի վրա, որ հնարավոր կլինի խուսափել չորրորդ ալիքից կամ եթե պատվաստված բնակչության թիվը մեծ լինի:

Vladimir Papava

Վլադիմիր Պապավան 2001 թվականից ի վեր Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի Կիրառական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող և տնօրեն է: 1994-2000 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար: 2000 թվականին նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի տեղակալ: 2004-2007 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի ղեկավարի տեղակալն է եղել: 2005-2006 թվականներին Ֆուլբրայթի կրթաթոշակառու է եղել Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտում, Nitze School-SAIS-ում, Ջոն Հոփքինսի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան): 2013-2016 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր և տնտեսագիտության պրոֆեսոր, նաև Պաատա Գուգուշվիլիի տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող: