Ախալքալաքի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել, թեև հետևել համապատասխան կառույցների և գերատեսչությունների խորհուրդներին և հանձնարարականներին, որպեսզի միասին կանխեն կորոնավիրուսի տարածումը:

Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի մամուլի ասուլիսը: Տեղական լրատվամիջոցների միջոցով նա դիմել է հասարակությանը և կոչ արել ձեռնարկել առավելագույն նախազգուշական միջոցներ՝ վիրուսների տարածումից պաշտպանվելու համար:

Նա բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել, թեև խորհուրդ է տվել զգույշ լինել, հրաժարվել բազմամարդ միջոցառումների ընթացքում գրկախառնվելու, համբուրվելու և ձեռքսեղմումների ավանդույթներից, որպեսզի կանխեն կորոնավիրուսի կամ այլ վիրուսների ու վարակների տարածումը: Նա նաև խորհուրդ է տվել զերծ մնալ հարսանեկան միջոցառումներից:

Ըստ քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանի՝ մունիցիպալիտետում բոլոր դպրոցները, մանկապարտեզները և այլ քաղաքային հաստատություններ ախտահանված են:

Նա նաև նշել է, որ վաճառողները և արտադրողներն արդեն նախազգուշացված են, որ անվտանգության համար պետք է պահպանեն հիգիենայի կանոնները: Եվ ևս մեկ անգամ կոչ է արել միշտ օգտագործել ձեռնոցներ, ինչպես նաև ախտահանել սենյակները:

Վիրուսների տարածումից պաշտպանվելու համար նա նաև խորհուրդ է տվել բանկերում հերթերի ընթացքում միմյանցից պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:

Արմեն Մառանգոզյանը նաև նշել է, որ քաղաքապետարանն անցել է հեռավար աշխատանքային ռեժիմի, այնուամենայնիվ, կան ծառայություններ, որտեղ միշտ կան հերթապահներ:

«Օրինակ, գրասենյակն աշխատում է սովորական ռեժիմով՝ 9:00-ից մինչև 18։00-ն, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է թողնել իր դիմումը», – ասաց նա:

Նաև գործում է թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիները կարող են զանգահարել ցանկացած պահի` +995 595 78 57 75, +995 577 122 770:

Ախալքալաքի Սակրեբուլոն նույնպես անցել է հեռավար աշխատառեժիմի, այնտեղ նունյպես աշխատում են հերթապահները:

Մինչ օրս Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 33 դեպք: 637 մարդ գտնվում է տարբեր հիվանդանոցների և կենտրոնների կարանտինում: 54 մարդ մշտական ստացիոնար հսկողության տակ է: Հարկ է նշել, որ Ախալքալաքում կորոնավիրուսով վարակման կասկածելի դեպքեր, կարանտինում գտնվելու կամ ինքնամեկուսացման դեպքեր չկան: Նինոծմինդայում 4 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, 1 մարդ Աբասթումանում է գտնվում՝ կարանտինային ռեժիմում, բայց նրա մոտ չեն հաստատվել COVID-19-ի ախտանիշներ, նրա վիճակը նորմալ է: