Երեկ, Ախալքալաքի քաղաքապետարանում հանդիպում է անցկացվել մսավաճառների և հաց արտադրողների հետ՝ կանխելու կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վիրուսների ու վարակների տարածումը սննդի հիմնական վաճառքի կետերում:

Հանդիպման ընթացքում Սննդի ազգային գործակալության աշխատակիցները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ վաճառողներին և արտադրողներին կոչ են արել առավելագույն նախազգուշական միջոցներ ձեռնարկել հաճախորդներին վիրուսների տարածումից պաշտպանելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել մոտ 15 արտադրողներ և վաճառողներ:

Meria handipum

Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը ներկաներին հորդորեց մշտապես օգտագործել ձեռնոցներ և միսը պահել սառնարանում, ինչպես նաև ամեն օր ախտահանել տարածքը:

Ըստ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի՝ մունիցիպալիտետում բոլոր դպրոցները, մանկապարտեզները, բոլոր կազմակերպությունները կախտահանվեն:

«Մանկապարտեզների ախտահանումն ավարտվել է, շուտով մենք կրկին կախտահանենք», – ասաց նա:

Հանդիպմանը ներկաների այն հարցին, թե որտեղ կարող են անցնել կորոնավիրուսային թեստը, Արմեն Մառանգոզյանն ասել է, որ պետք է դիմել Ախալքալաքի հիվանդանոց:

«Կասկածելի ախտանիշներ հայտնաբերելու դեպքում, հիվանդները կուղարկվեն համապատասխան վայրեր», – ասաց նա:

Հանդիպման ընթացքում հանդիպման կազմակերպիչները կոչ են արել ժողովրդին խուճապի չմատնվել, քանի որ այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել:

Բրատիսլավ Իգիթխանյան