Վրաստանի ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Օրլովկա գյուղի բնակչին՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար:
Օպերատիվ տեղեկատվության հիման վրա, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են չգրանցված «Մակարով» տեսակի ատրճանակ: Զենքը հայտնաբերվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի կենտրոնում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում՝ օպերատիվ տեղեկատվության հիման վրա իրականացված քննչական գործողությունների արդյունքում:
Պարզվել է, որ զենք-զինամթերքը պատկանում է անցյալում դատապարտված երեսուն տարեկան Ս.Ա.-ին: Տղամարդուն ձերբակալել են հրազենի ապօրինի ձեռք բերելու և կրելու մեղադրանքով: Հետաքննություն է իրականացվում Վրաստանի ՔՕ-ի 236-րդ հոդվածի, 4-րդ մասի համաձայն, որը ենթադրում է հրազենի ապօրինի կրում և պատժվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ներքին գործերի նախարարությունը, քրեական փաստերի հետաքննության հետ մեկտեղ, ակտիվորեն շարունակում է կանխարգելիչ միջոցառումները: Վերջին երկու ամիսների ընթացքում ոստիկանությունը բռնագրավել է 884 միավոր սառը զենք եւ 104 հրազեն: Այս մասին այսօր հայտնել է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը: