Վրաստանի Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքները միավորվում են, իսկ Ախալքալաքի շրջանից 5 մունիցիպալ մեծամասնական շրջաններ, այսինքն 17 գյուղ անցնում են Բորժոմի ընտրատարածք։ Հետևյալ փաստը դժգոհություն է առաջացրել Ախալքալաքում, սակայն Նինոծմինդայում չեն կարող չհամաձայնվել փոփոխությունների հետ:
Ընտրությունները պետք է անցկացվեն ըստ եվրոպական չափանիշների, մեծամասնական պատգամավորը պետք է ունենա առնվազն 47,500 ընտրող, որպեսզի կարողանա դառնալ պատգամավոր, կարծում է Նինոծմինդայի շրջանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
«Դա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքին և Նինոծմինդային, կան տարածաշրջաններ, որոոնք միացվել են, կան որոնք բաժանվել են: Ոչ մի առանձնացում և ոչ մի միացում չի եղել, տարածքային առումով շրջաններին և նրանց սահմաններին չեն դիպչել, միայն այդ ընտրությունների համար միացվում են, որպեսզի ընտրողների թիվը համապատասխանի եվրոպական չափանիշներին, և Վենեցիայի հանձնաժողովի առաջարկություններին», – ասում է Հենզել Մկոյանը:
Ըստ պատգամավորի, որպես արտոնություն Կառավարությունը խոստացել է, որ Ջավախքը կրկին կունենա երկու պատգամավոր:
«Եվ մեզ, ինչպես Վրաստանի ազգային փոքրամասնություններին տվել են արտոնություն, կրկին մեր երկու շրջանից Խորհրդարանում ներկայացված կլինեն երկու պատգամավորներ, ինչպես նախկինում, բայց մեկ անդամը որպես մեծամասնական պատգամավոր իսկ մյուսը լինելու է համամասնականով», – ասում է նա:
«Ես չեմ կարող հավանություն չտալ, գիտեք, թե ինչու, քանի որ դա եվրոպական չափանիշներով է, այլընտրանք չկա, եթե այսօր խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է, Սահմանադրական դատարանը հաստատել է, դրանից ավելին ոչինչ չկա», – ամփոփել է պատգամավորը:
Նույն կարծիքին է նաև Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը:
«Դա միայն ընտրությունների ժամանակ կլինի այդպես, ոչ մի փոփոխություն բնակիչները չեն զգալու, միայն պատգամավորը կունենա ավելի շատ աշխատանք», – բացատրեց նա:
Բորիս Ղարսլյան