Այսօր, մայիսի 28-ին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին, Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմին նվիրված միջոցառում:
Երիտասարդական կենտրոնում միջոցառումն սկսվեց ֆլեշմոբով: Կենտրոնի սաները դրսում Սարդարապատ պարը կատարեցին, որից հետո հնչեց Հայաստանի պետական օրհներգը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը իր խոսքում նշեց, որ հոբելյանական տարում միմյանց շնորհավորելու գեղեցիկ առիթն ունեն: Այսօր ամեն հայի սրտում մի մեծ ուրախություն է տիրում:
Երիտասարդական կենտրոնի սաները հանդես եկան հայրենասիրական երգերով ու պարերով, ինչպես նաև փոքրիկ թատերական ներկայացմամբ:
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
Աղունիկ Այվազյան