Ախալքալաքում, վերջին երկու շաբաթվա ընթացքում, 21 երեխա սուր շնչառական հիվանդություններով դիմել է Շրջանային հիվանդանոց: Նրանցից 17-ը հոսպիտալացվել են, սակայն այսօրվա դրությամբ բուժվել են և դուրս գրվել:
Առաջին շաբաթվա ընթացքում դիմել է 13 երեխա, 8-ը` երկրորդ շաբաթվա: Հիվանդությունը ծանր չի եղել, սակայն երեք օր երեխաների ջերմությունը բարձր էր և չէր իջնում:
Ախալքալաքի շրջանում անցյալ ամսվա ընթացքում սրվել են վիրուսային հիվանդությունները: Երեխաների մոտ մի քանի օր լինում է բարձր ջերմություն, թուլություն, հարբուխ: Հաճախ հիվանդությունը բարդություններ է առաջացնում, հիմնականում թոքաբորբի տեսքով: Մարդիկ կարծում են, որ շրջանում կա մի անսովոր վիրուս, որը ազդում է թոքերին:
Հանրային առողջապահության կենտրոնի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը բացատրեց, որ դա յուրահատուկ վիրուս չէ:
«Պարզապես մարդկանց մոտ ձմռանից հետո դիմադրողականությունը թուլացել է, հիվանդությունից հետո միանգամից բարդություն է առաջացնում թոքերի վրա», – ասում է Գայանե Ֆիդանյանը:
Բոլոր հիվանդ երեխաները տեղավորվել են մանկական բաժանմունք, քանի որ շրջանում չկա վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Վարակիչ հիվանդներին անհրաժեշտ է դիմել Ախալցխա: Հարկ է նշել, որ շրջանում վարակիչ հիվանդությունների բաժանմունքի խնդիրը շատ ցավոտ թեմա է, և մեր խմբագրությունը ևս այս մասին բազմիցս գրել է:
Ըստ համաճարակաբանի, սուր շնչառական հիվանդություններ և այլ վիրուսային հիվանդություններ արդիական են մինչ եղանակի տաքացումը: Կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները: