Վրաստանի Առողջապահության նախարարությունը բացահայտել է մի շարք խախտումներ՝ երկրի 159 կլինիկաներում, որոնց արդյունքում այդ բժշկական հաստատություններին պարտավորեցրել են բյուջե վերադարձնել պետության կողմից հատկացված տարբեր բժշկական ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին գրում է «Ռեզոնանս» թերթը:
Երկրի մի շարք կլինիկաների տուգանքների չափն արդեն հասել է 13 միլիոն լարիի (մոտ 4,8 միլիոն դոլար):
Վրաստանի Առողջապահության նախարարության համընդհանուր առողջապահության վարչության պետ Մայա Խոմերիկին հայտարարում է, որ կլինիկաները պետք է վերադարձնեն այդ գումարը շահառուների գրանցման ժամանակ վարչական կանոնների խախտումների պատճառով:
«Պատժամիջոցների ծավալը հասել է բավական բարձր թվի՝ մոտ 30 միլիոն լարիի (ավելի քան 11 միլիոն դոլար), սակայն, հետագայում տուգանքները վերանայվել են, և կլինիկաներն ազատվել են տուգանքներից: Նրանք պարտավորել են վերադարձնել միայն պետական ծրագրի շրջանակներում փոխհատուցվող գումարը», – հայտարարել է Խոմերկին:
2014 թ. ապրիլի 1-ից հետո Վրաստանում կիրառվում է շահառուների խիստ հաշվառման ձև, որտեղ քաղաքացիներն իրենք պետք է հաստատեն, որ ներառված են պետական ապահովագրության ծրագրում: Ստուգումների ընթացքում Առողջապահության նախարարության տեսուչները պարզել են, որ որոշ դեպքերում կլինիկաներն այս կանոնը չեն պահպանել, իսկ որոշ դեպքերում չեն համընկել շահառուների ինքնությունը հաստատող տվյալները և այլն:
Համընդհանուր առողջապահական ծրագիրը բաղկացած է վեց խմբից` նպատակային խմբեր (5 տարեկան երեխաներ, ուսանողներ, թոշակառուներ, սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, մանկավարժներ և սոցիալապես անապահով անձինք), բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներ, միջին եկամուտ ունեցող քաղաքացիներ, ապահովության սանդղակով 70 հազարից մինչև 100 հազար վարկանշային միավոր ունեցող քաղաքացիներ, դեռահասներ (6-ից 18 տարեկան) և ցածր, ոչ կանոնավոր եկամուտ ունեցող քաղաքացիներ:
Նյութը՝ «Նորություններ-Վրաստան»-ից