Ամեն անձրեւից հետո Երեւանյան փողոցի վերջնամասում, Աղմաշենեբելի խճուղու հետ խաչմերուկում լիճ է գոյանում, քանի որ ջուրը հոսելու տեղ չունի։ Բնակիչները դժգոհում են, որ ջուրը լցվում է իրենց նկուղները, խարխլում տների հիմքերը, ինչպես նաեւ տներում անտանելի խոնավություն է։
Ախալքալաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Աղմաշենեբելին, վերանորոգվել է 2019-2020 թվականներին, հենց այդ ժամանակ էլ, ըստ Աղմաշենեբելի-Երևան նրբանցքի տների բնակիչների, իրենց տների մոտ ջրի կուտակման հետ կապված խնդիրը սրվել է։
«Ամեն ինչ սկսվեց ճանապարհի վերանորոգումից, փողոցն անհարթ է, ջուրը կուտակվում է ճանապարհի սկզբում, բայց այստեղ էլ ամենից մեծ թեքությունը դեպի մեր տուն է արված, երբ անձրեւ է գալիս, ջուրը հոսում է նկուղ, տանը խոնավություն է: Մինչև վերանորոգումն այս խնդիրն այնքան էլ սուր չէր, քանի որ Աղմաշենեբելի փողոցում ջրանցքեր կային, դրանք հիմա չկան, ամենն ասֆալտապատվել է, ջուրը հոսելու տեղ չունի: Ես չգիտեմ ինչ պետք է անեն, բայց թող այս հարցը լուծեն»,- ասում է Երևանյան փողոցի տներից մեկի բնակիչ Աշոտ Մկրտչյանը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, անցած տարվա աշնանն այս հարցով հանդիպում է կայացել, որին ներկա են եղել բոլոր կողմերը, այդ թվում՝ Ճանապարհների վարչության ներկայացուցիչներ, կառուցապատող ընկերության ներկայացուցիչներ։ Այդ ժամանակ քննարկվել են խնդրի հնարավոր լուծումները, սակայն այս տարի այդ մասին դեռ խոսակցություն չկա։
«Կենտրոնական ճանապարհը վերանորոգել է Ճանապարհային վարչությունը, կենտրոնական ճանապարհի մակարդակը բարձրացել է (Երևանյանի վերջնամասն մեկ մակարդակով ավելի ցածր է), կողքից ջրահեռացման ջրանցքեր կային, դրանք փակվել են: Նրանք ասում են, որ այն ժամանակ այդ հարցը համաձայնեցվել էր բնակչության հետ: Անցյալ տարի մենք ֆինանսական միջոցներ էինք հատկացրել՝ այդ ընտանիքներին օգնելու համար, որպես աղետից տուժածներ, հորդառատ անձրեւներ էին եղել և ջուրը լցվել էր տները, այդ ժամանակ մենք օգնել էինք նրանց։ Տարբերակ կա՝ սկսած զինկոմիսարիատից մինչև գլխավոր փողոց ճանապարհի մակարդակը բարձրացնելու համար, բայց մարդիկ մեկ ցանկություն ունեն՝ գոնե մեկ ջրանցք ունենան։ Այս խնդրի լուծումը կարող է լինել ջրանցքի բացումը, բայց մի փողոցը մեզ է պատկանում, երկրորդը՝ Ճանապարհային վարչությանը, խնդիրն առաջացել է նրանց մեղքով»,- ասում է Մելքոն Մակարյանը։
Ճանապարհային վարչությունից հայտնեցին, որ խնդիրը հնարավոր է լուծել։
«Թող մունիցիպալ իշխանությունները մեզ նամակ գրեն առ այն, թե որտեղ է ջրակուտակում լինում և այլն: Մենք միշտ զբաղվում ենք այդ հարցերով, բայց երբեմն պատահում է, որ ինչ-որ հարցերի մասին տեղեկություն չունենք, ուստի քաղաքապետարանները հաճախ են մեզ գրում, որ մարդիկ ինչ-որ տեղ հեղեղումների են բախվում կամ ինչ-որ տեղ ավտոբուսների գոտի է հարկավոր, կամ ճանապարհը փչացել է, սա տարրական հաղորդակցություն է։ Խոստանում եմ, որ կոնկրետ ես կհետաքրքրվեմ այս հարցով և կանենք այն, ինչ պետք է արվի մեր կողմից», – ասում է Ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամկղրելիձեն։