Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 6.4%-ը բուժաշխատողներ են։ Այս մասին նշվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցում, որում ներառված են հոկտեմբերի 1-ի դրությամբ տվյալները:

Ըստ զեկույցի, վարակված բուժաշխատողները կազմում են ընդհանուր առողջապահական անձնակազմի 39.9%-ը։ Նշվում է նաև, որ վարակվածների 82%-ը կանայք են, 18%-ը՝ տղամարդիկ։ Վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիի, Իմերեթիի և Աջարիայի շրջաններում։

Ինչ վերաբերում է մահացությանը, զեկույցում ասվում է, որ համաճարակի ողջ ընթացքում բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվը կազմել է 117, դա բուժանձնակազմի շրջանում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 0.3%-ն է։ Մահացածների թվում 40.2%-ը եղել են տղամարդիկ, 59.8%-ը՝ կանայք։

Նշենք նաև, նոյեմբերի 5-ին Վրաստանում կորոնավիրուսից մահվան 62 նոր դեպք է գրանցվել: Համավարակի ընթացքում Վրաստանում 10 300 մահվան դեպք է գրանցվել: