21-րդ դարի սերնդի համար դժվար է պատկերացնել, որ ժամանակին Ախալքալաքում 3 հասարակական բաղնիք է գործել, որտեղ բնակիչները բոլորը միասին գնում էին լողանալու: Այսօր այդ բաղնիքներից մնացել են շենքերը, ավերակները և հաճելի հիշողությունները:

Խորհրդային Ախալքալաք, շաբաթվա վերջ՝ հասարակական բաղնիքի օրն է: Բարեկամուհիները միմյանց զանգահարում են տան հեռախոսով, պայմանավորվում են գնալ բաղնիք: Թեպետ, դա այնքան էլ հեշտ չէ, նրանք պատրաստվում էին այս գործընթացին հատուկ պատասխանատվությամբ:

Հատուկ բաղնիքի համար քաղաքաբնակներն ունեին կաշվե փոքրիկ ճամպրուկներ կամ պայուսակներ, որտեղ լոգանքի համար պարագաներն էին դնում՝ ուժեղ օսլայած սրբիչը, երկու տեսակի քսակներ, որոնք կոչվում էին քիսաներ (առանց օճառի և օճառով), բաղնիքի հողաթափեր (այսպես կոչված բաղնիքի հողաթափ, որը պատրաստված էր փայտե կոշկատակով և քայլելիս հատուկ ձայն էր արձակում)…

Baxnik3

Ճամպրուկը գրեթե պատրաստ է, բայց պետք է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է վերականգնել ուժերը լոգանքն ընդունելուց հետո: Հաջորդ քայլը կակաոյի և մի քանի տեսակի թխվածքեղենի պատրաստումն էր: Ախալքալաքի բնակիչների համար բաղնիքը տեղ էր ոչ միայն մաքրվելու, այլև զրույցներ վարելու համար, այստեղ Ախալքալաքի բնակիչները իմանում էին բոլոր նորությունները և բամբասում:

«Զանգահարում էինք միմյանց, նախապես պայմանավորվում՝ «գնում ենք բաղնիք»: Իմ բաբոն, նրա հարսը (եղբոր կինը) և ազգի մյուս անդամները, նախապատրաստվում էին այս օրվան հատուկ ոգևորությամբ: Պատրաստում էին մի քանի տեսակի թխվածքներ, կակաո` հատուկ բաղադրատոմսով, և թերմոսով տանում էին, սուրճ այն ժամանակ չկար:

Նրանք այնտեղ նստում էին և ժամերով բամբասում: Նրանք իրենց տներում հարմարություններ ունեին, բայց դա ավանդույթ էր: Սրբիչները, քիսան ձեռագործ էին իրիսի թելերից և «վաֆլե կտորներից», որպեսզի մաշկը կեղտից լավ մաքրեր: Քիսա քսելը առանձին պրոցես էր: Ազգի մեջ կար ինչ-որ մեկը, ով լավ էր քիսա քսում և նրանց առանձին էին հրավիրում բաղնիք: Մանուկ հասակում ինձ էլ էին տանում այնտեղ, իսկ երբ մայրս ամուսնացավ, բոլոր հարազատները հավաքվել և մորս տարան բաղնիք՝ դա ադաթ էր», – պատմում է Ախալքալաքի բնակչուհի Անյուտան:

Շատերը հերթ էին կանգնում, քանի որ շատ էին այն մարդիկ, ովքեր ցանկանում էին հանգստյան օրերին բաղնիք գնալ:

«Մենք մեր տներում լոգարան ունեինք, բայց ինձ միշտ դուր էր գալիս ջրի ուժեղ հոսքը, որը բաղնիքում կար: Բաղնիք գնալը մի ամբողջ ավանդակարգ էր, կային ընդհանուր բաղնիքներ և համարներ: Համարները քիչ էին, ովքեր գնում էին իրենց ընտանիքի հետ, նրանք ընտրում էին համարներ, կային ընդհանուր բաղնիքներ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին-առանձին: Ամենուրեք լսվում էր փայտյա տակերով հողափափերին բնորոշ կտկտոցը: Երբ բաղնիքների լոգասենյակների դռները բացվում էին՝ ամենուրեք տարածվում էր գոլորշին: Հանրային բաղնիքում լողանալը սկզբում ամոթ էր, բայց աստիճանաբար ընտելացան, երբ տեսնում ես որ բոլորը միանման են և ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում, – պատմում է Հոռոմսիմա տատը` ավելացնելով.

«Բաղնիքի պրոցեսը տևում էր 3-4 ժամ: Մենք նախօրոք էինք պատրաստվում դրան՝ իմանալով, որ այն կտևի մի ամբողջ օր»:

Banya1

Ցնցուղի սենյակից դուրս գալուց, հանդերձարանում փայտե նստարանները ծածկում էին թերթով կամ ամսագրով: Իսկ ելքի մոտ արդեն լոգանք ընդունած մարդիկ կարող էին գնել թարմ բուլկի և լիմոնադ: Մինչ այժմ շատերը չեն կարող մոռանալ այդ լիմոնադի համը:

«Հնարավոր է՝ դա պարզապես երիտասարդության հիշողություն է, բայց այդ համը չի մոռացվի: Իմ զարմիկը, ով վաղուց տեղափոխվել է Երևան, դեռ հիշում է բաղնիքի կարգը: Բուֆետապանուհու անունը Արուս էր: Մի փարթամ, հոյակապ կին էր, նա վաճառում էր լիմոնադ և բուլկեղեն, դրանք շատ համեղ էին: Չգիտեմ` լոգանքից հետո էր, թե՞ ինչ-որ այլ բան կար դրա մեջ, բայց իմ զարմիկը դեռ հիշում է դրանց համը և ասում, որ Արուսի լիմոնադը ուրիշ էր», – ասում է Ախալքալաքի բնակիչ Սուսաննան:

Baxnik

Բոլոր 3 հասարակական բաղնիքները դադարել են գոյություն ունենալ, ինչպես և ԽՍՀՄ-ը՝ 90-ականների սկզբին, մազութի պակաս կար և անհնար էր ջեռուցել այդպիսի հսկայական բաղնիքները: Հետո շենքերը կամ սեփականաշնորհեցին, ինչպես 14-րդ ավանի բաղնիքը, կամ դրանք վերածեցին պետական հաստատությունների, ինչպես քաղաքային այգու մոտի բաղնիքը: Իսկ նախկին զինկոմիսարիատի մոտ գտնվող բաղնիքը ավիրվեց, միայն ավերակներն են մնացել:

Քրիստինե Մարաբյան