Հունիսի 2-ին, Ախալքալաքի Գրանդ Մուր սրճարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարության ամրապնդումը մեդիագրագիտության զարգացման միջոցով» ծրագրի եզրափակիչ հանդիպումը, որն Ախալքալաքում իրականացվեց «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» հասարակական կազմակերպության կողմից:
Եզրափակիչ հանդիպումը սկսվեց չեխական People in need կազմակերպության ներկայացուցիչների ողջույնի խոսքով:
«Մենք, որպես կազմակերպության ներկայացուցիչներ, շատ ուրախ ենք, որ կարող ենք ծրագիրն իրականացնել Վրաստանի տարբեր շրջաններում: Տարբեր շրջաններում տարբեր հնարավորություններ ընձեռել Վրաստանի բոլոր քաղաքացիներին: Կոնկրետ այս ծրագրի վերաբերյալ կարող եմ ասել, որ ծրագիրն անցկացվում է Իմերեթիում, Սամեգրելոյում և Քվեմո Քարթլիում: Եվ սա արդեն երկրորդ միջոցառումն է, որին մենք ներկա ենք: Եվ մեզ շատ է հետաքրքիր է, թե ինչ եք Դուք մտածում այս ծրագրի և այս ֆիլմի մասին, որը կցուցադրվի: Այսպիսի նախագծեր էլի կլինեն», – ասում է «People in Need Georgia»-ի կոնսորցիումի մենեջեր՝ Գիորգի Ջանգիանին:
Դրանից հետո «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ծրագրի շնորհանդեսը ներկայացրեցին: Այնուհետև ցուցադրվեց «Instagram»-ի մասին պատմող վավերագրական ֆիլմից մի հատված, ինչին էլ հաջորդեց վիկտորինան և ծրագրի մասնակիցներին պատվոգրերի հանձնումը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» հասարակական կազմակերպությունը ծրագիրն իրականացնում է Կարտիկամ և Վաչիան գյուղերում: Այս ծրագիրը մեկնարկել է հունվարին, որի շրջանակներում ցուցադրվել է 5 վավերագրական կինոնկար: Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի էին ունենում քննարկումներ, որտեղ մանրամասն քննարկվում էին, թե ինչ է մեդիան, լրագրողի աշխատանքը, սոցիալական ցանցերը և ինչպես պաշտպանել անձնական տվյալները:
Սամցխե-Ջավախքում «People in need» նախագիծն իրականացրել են «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» հասարակական կազմակերպությունը և LAG-ը, որոնք աշխատել են երիտասարդների, կանանց և տարեցների հետ:
Քրիստինե Մարաբյան