Վաստակաշատ մանկավարժ, #4 (Դերենիկ Դեմիրճյանի անվան) հանրային դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանն արդեն 50 տարի է դպրոցում: 2019 թվականի սեպտեմբերի 1-ին նա միանգամից նշել է երկու հոբելյար՝ ծննդյան 70 եւ աշխատանքային գործունեության 50-ամյակը։
«Իմ տարերքը մանկավարժությունն է եւ ես իրոք ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը»,- ասում է քաղաքի #4 հանրային դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանը։
Նա ծնվել է Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում` կոլտնտեսականի ընտանիքում։ Հայրը հաշվանդամ էր, իսկ մայրը գրագետ կին, ով ամեն ինչ արել է, որ իր չորս զավակները ստանան բարձրագույն կրթություն։
Նաթելա Գրիգորյանը սկզբնական կրթությունը ստացել է Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի ութամյա դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել է Զակի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում, ավարտվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։ Արդեն 1972 թվականից Նաթելա Գրիգորյանը աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոցում, նախ որպես մանկավարժ, փոխտնօրեն, ապա՝ տնօրեն:
«Միշտ ուզում էի դառնալ բժիշկ, սակայն մանկավարժությունը ուրիշ դեր էր զբաղեցնում իմ կյանքում։ Փոքր հասակից սիրել եմ մանկավարժությունը»,- պատմում է Նաթելա Գրիգորյանը։ Նկարագրելով իր կյանքը առանձնացնում էր իր այն ուսուցիչներին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրա մասնագիտության ընտրության հարցում։
Ինչո՞ւ մաթեմատիկա, որովհետև փոքրուց տարված է եղել բնագիտական առարկաներով: Նա սիրում է իր մասնագիտությունը եւ վստահեցնում, որ երբեք այն չէր փոխի եւ, եթե, նույնիսկ ունենար հնարավորություն ընտրելու մեկ այլ մասնագիտություն, այն կրկին կլիներ մանկավարժությունը: Այսօր նա իր կյանքը չի կարող պատկերացնել առանց դպրոցի, կոլեկտիվի, աշակերտների եւ ընդհանուր մանկավարժության:
«Չեմ պատկերացնում իմ կյանքը առանց դպրոցի։ Շատ եմ սիրում դպրոցը, իմ աշխատանքը»,- նշում է #4 հանրային դպրոցի տնօրենը:
1985 թվականին Վրաստանի կրթության նախարարի թիվ 416 հրամանով Նաթելա Գրիգորյանին շնորհվել է ավագ ուսուցչի կոչում։ 1988 թվականին արդեն Վրաստանի նախագահի թիվ 838 որոշման համաձայն պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1990 թվականին Վրաստանի կրթության նախարարի թիվ 333 հրամանի համաձայն՝ նրան շնորհվել է մեթոդիստ ուսուցիչ կոչում։
Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ սերունդը փոխվել է։ Նրա կարծիքով միշտ եղել են խելացի եւ ընդունակ, ծույլ եւ չարաճճի աշակերտներ, սակայն ընդգծում է, կա մի բան, որ փոխվել է։
«Առաջ սերը կրթության նկատմամբ ավելի շատ էր, քան հիմա», -ասում է Նաթելա Գրիգորյանը։
Նաթելա Գրիգորյանը մարդկանց մեջ կարևորում է նպատակասլացությունը, խստապահանջությունը և աշխատասիրությունը, եւ այդ ամենը պահանջում է ոչ միայն աշակերտներից ու կոլեկտիվից, այլեւ ինքը, որպես այդ հատկանիշները կրող անձ՝ օրինակ է ծառայում:
«Այն ինչ ունի սկիզբ, այն էլ ունի վերջ։ Հավերժական ոչինչ չկա» օգտագործելով այս միտքը Նաթելա Գրիգորյանը պատասխանում է հարցին, թե պատկերացնում է իր կյանքն առանց դպրոցի:
Մարտին Փալանջյան