Այսօր, փետրվարի 24-ին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կրում էր «Մայրենին իմ սրբությունն է» խորագիրը:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Կենտրոնի ավագ խմբերի սաներից կազմված «Այբ» և «Բեն» թիմերը։
Մրցույթը բաղկացած էր 4 փուլից: Առաջին փուլում խմբերը պետք է ճիշտ գուշակեին լուսանկարը: Երկրորդ փուլում պետք է նշեին հնչեցված ստեղծագործության հեղինակին, երրորդ փուլում՝ պատասխանեին քերականական հարցերին և չորրորդում՝ որոշակի ժամանակահատվածում կատարեին քերականական առաջադրանքները։
Հայոց լեզուն ոչ թե սոսկ հաղորդակցման լեզու է, այլև դարերով ժամանակի մարտահրավերներին դիմակայելու միջոց:
Երիտասարդական կենտրոնի միջոցառումների դահլիճում իշխում էր հայերենն ու հայ գրականությունը: Թումանյան, Տերյան, Չարենց, Բակունց, Դեմիրճյան ու Համո Սահյան…
«Այբ» ու «Բեն» թիմերին գնահատում էր 5 անդամից բաղկացած ժյուրին:
«Բենը» հաղթեց «Այբ»-ին և ստացավ առաջին կարգի դիպլոմ: Խրախուսական նվերներով պարգևատրվեցին ինտելեկտուալ խաղին մասնակցած բոլոր պատանիները:
Ժյուրիի անդամները, բարձր գնահատելով նմանատիպ մրցույթների անցկացումն, առաջարկեցին ավելի հաճախակի դարձնել դրանք՝ ընդգրկելով աշակերտներ մյուս կրթօջախներից ևս։
«Կարևոր է, որ յուրաքանչյուրս խորապես գիտակցենք հայոց լեզուն անաղարտ պահելու անհրաժեշտությունը: Սա մի տոն է, որ երբեք չի կորցնի իր արդիականությունը: Ամբողջ տարին մենք պետք է Մայրենին պաշտպանեք, մայրենին անաղարտ պահենք», – իր խոսքում նշեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:
Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն փետրվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես մայրենի լեզվին նվիրված տոն:
Աղունիկ Այվազյան