Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովում (ՇԸՀ), 2018 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ՄԱՇ-ի (Միասնական ազգային շարժում) հանձնաժողովի անդամ Թեոնա Ճալիձեի և հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործը քննվում է արդեն 5 ամիս: Այս գործով մեղադրանք դեռևս չի ներկայացվել:
2018 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, վերջին նախագահական ընտրությունների առաջին փուլից 1 ամիս առաջ, Ախալքալաքի ՇԸՀ-ի անդամի և նույն հանձնաժողովի նախագահի միջև ընդհարում էր տեղի ունեցել: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից հանձնաժողովի անդամ Թեոնա Ճալիձեն՝ հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանին մեղադրում է՝ իրեն բազմիցս վիրավորելու և անգամ ֆիզիկական բռնության դիմելու մեջ: Հասմիկ Մառանգոզյանը այն ժամանակ մեկնաբանել էր, որ դա սադրանք է իր հասցեին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը միջադեպի փաստով հետաքննություն է վարում՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 162-րդ պրիմ հոդվածով, որը ենթադրում է նախընտրական շրջանում բռնություն կամ բռնության սպառնալիք:
Վրաստանի Քրեական օրենսգրքի սույն հոդվածը ենթադրում է, որ ընտրության օրվա նշանակումից մինչև վերջնական արդյունքների հրապարակումը, այն շենքում, որտեղ տեղի են ունենում ընտրությունները, որտեղ տեղակայված են ընտրական հանձնաժողովները կամ հարակից տարածքներում՝ նախընտրական քարոզչության կամ քարոզարշավային միջոցառումների ժամանակ՝ ծեծկռտուքը կամ այլ բռնությունը կամ բռնության սպառնալիքը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:
Վրաստանի ԿԸՀ-ում չցանկացան մեկնաբանել այս միջադեպը, ասելով, որ իրենք որոշում կկայացնեն այն հիմքով, որը պիտի պարզի Ներքին գործերի նախարարության հետաքննությունը: