Ընթացքի մեջ են քաղաքի հիմնական հատվածը Ջիվանու թաղամասի և նախկին զինվորական ավանի հետ կապող հետիոտնային կամրջի վերանորոգման աշխատանքները: Ցանկապատերի ցանցերը մաքրվել և ներկվել են, և սկսվում է փայտե ծածկերի փոխարինումը: Օգոստոսի 4 -ի գիշերը անհայտ անձինք վնասել և գողացել են շինարարական ընկերության սարքավորումների մասերը:

Հետիոտնային կամուրջը վերանորոգում է Բաթումիի «Գաբիոնի 2000» ՍՊԸ֊ն: Կամրջի վրա ակտիվ վերանորոգման աշխատանքներ են տարվում: Երկու կողմերում գտնվող կամրջի բազրիքները, ինչպես նաև կամրջի հիմքի երկաթե կոնստրուկցիաներն արդեն մաքրվել և ներկվել են:

Չնայած Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարել է, որ հուլիսի 31 -ին կամուրջը փակվում է վերանորոգման նպատակով, այնուամենայնիվ երեկոյան ժամերին կամուրջը դեռևս բացվում էր հետիոտների երթևեկության համար:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, իրենք վաղվանից վերջնականապես կփակեն կամուրջը, քանի որ կսկսեն ապամոնտաժել փայտե ծածկը:

«Մեկ ամիս փակ կլինի, ավելի քիչ ժամանակում չենք հասցնի: Ցանցերը մաքրել, ներկել ենք, մենք նաև ցանցերը կվերանորոգենք, ընթացքի մեջ է հիմքերի մաքրումը, մոտ օրերս այն կավարտենք», – ասացին ընկերությունից:

Շաբաթվա ընթացքում, աշխատանքային օրվանից հետո, աշխատողները կամուրջը բացում էին երեկոյան ժամերին և սարքավորումները թողնում էին կամրջի վրա:

Աշխատողների խոսքով, անցած գիշեր կոտրել են եւ գողացել սարքավորումների մասերը:

mostt

Jnews- ի այն հարցին, թե արդյոք նրանք դիմել են ոստիկանություն, ընկերությունից պատասխանեցին, որ ոստիկանները հսկում են սարքավորումները, և այս գիշեր ամեն ինչ կարգին է եղել:

Հարկ է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը կամրջի վերանորոգման համար հատկացրել է 171 610 լարի, նույն գումարով էլ տենդերը շահել է «Գաբիոնի 2000» ՍՊԸ֊ն:

Քաղաքացիների տեղափոխման համար, Ջիվանու թաղամասից և նախկին զինվորական ավանից քաղաք և հակառակ ուղղությամբ գործում է երթուղային տաքսի։ Մեկ ուղևորին մեկ ուղղությամբ փոխադրելու ուղևորավճարը 1 լարի է: