Կարտոֆիլագործության հանդեպ պետական մոտեցման, բերքի իրացման հետ կապված խնդիրների, չհաշվառված մանրամասների մասին և շատ ավելին Jnews.ge-ն զրուցեց գյուղատնտեսության փորձագետ Մախարե Մացուկատովի հետ:
– Ինչու՞ է Ջավախքում միշտ արդիական կարտոֆիլի բերքի իրացման խնդիրը:
Անցյալ տարին անբերքատու էր: Երաշտի պատճառով շատերը չկարողացան ստանալ այն արդյունքը, որն ակնկալում էին: Եվ, չնայած դրան, Ախալքալաքում կա կարտոֆիլ: Այսպիսի միտում է տարածվել, որ ամեն տարի ավելի մեծ հողատարածքում է կարտոֆիլ ցանվում: Եթե նախկինում տնկվում էր 6000 հեկտար, ապա 2017 թ.-ին Ախալքալաքի շրջանում ցանվել է մոտ 8000 հա: Չնայած պահպանման, իրացման, բերքահավաքի, երաշտի, ոռոգման և այլնի հետ կապված խնդիրներին, մարդիկ շարունակում են ավելի շատ կարտոֆիլ մշակել: Մյուս կողմից, անցյալ տարի կարտոֆիլի գինը միջինը 60-70 թեթրի էր և հասնում էր 80 թեթրիի: Ոմանք վաճառեցին: Իսկ նրանք, ովքեր վարկեր էին վերցրել, կարտոֆիլի մշակման համար, պահում էին կարտոֆիլը և սպասում էին գների բարձրացմանը, բայց շուկայում կարտոֆիլի պակաս կար, իսկ Ախալքալաքի կարտոֆիլը չէր վաճառվում, կարտոֆիլ ներկրվեց արտերկրից` Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից և այլ երկրներից: Ինչը արդեն տեղական կարտոֆիլի պահանջարկի բացակայության պատճառ դարձավ:
Ցավոք, մեր կարտոֆիլ մշակողներից շատերը չեն նախատեսում բերքի իրացում: Օրինակ, եթե հարցնեք, թե որ գինն է անցյալ տարվա առավել հեռանկարային ցուցանիշը, և ինչքան պետք է իրացնել եկամուտ ստանալու համար, ֆերմերները չգիտեն, չեն հաշվում: Բիզնես մտածողությունը զարգացած չէ:
– Ինչու՞ են ներկրված կարտոֆիլի գները շատ ավելի ցածր տեղական կարտոֆիլի գներից: Ի՞նչն է ազդում բերքի արժեքին:
Վրաստանում ներմուծվող կարտոֆիլի արժեքը շատ ցածր է: Դա պայմանավորված է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Այլ երկրներում գյուղատնտեսական տնտեսությունները միավորված են: Մեծ հողատարածքների վրա կարտոֆիլ մշակելը և աճեցնելն ավելի հեշտ է, քան փոքրի վրա: Նրանք օգտագործում են միջոցներ և աշխատում են, որ 1 հա-ից ստանան 50-60 տոննա, ոչ թե 18 տոննա, ինչպես մեզ մոտ: Որակն իհարկե մեզ մոտ շատ ավելի լավն է, բայց նրանք աշխատում են ծախսերը նվազեցնելու վրա:
– Ինչու՞ Վրաստանը չունի կարտոֆիլի մշակման խրախուսման քաղաքականություն, ինչպիսիք կան խաղողի, մրգերի և ընկուզեղենի դեպքում:
Ես միշտ ասում եմ, որ անհրաժեշտ է զարգացնել պահեստները: Ախալքալաքում պետք է կառուցվի 7-8 պահեստ: Դա նախարարության գերակայությունն է: Պետությունը պետք է նախաձեռնի ասոցիացիաների և կոոպերատիվների միջոցով: 2000 տոննանոց պահեստներ կառուցելու համար գոտիներ ստեղծելու և կոոպերատիվների կառավարմանը հանձնելու համար, որոնք միավորվելու են ասոցիացիաների ներքո, մեկ բրենդի տակ և միասին շուկա դուրս գալու: Բայց ես համոզված եմ, որ մեր ֆերմերները կարտոֆիլը չեն հանձնի: Քանի-որ այդ պահեստները կընդունեն ստանդարտ և առողջ կարտոֆիլ, շուկայում լավ տեղ զբաղեցնելու համար: Մեր ֆերմերները չեն ուզում մաքրել կարտոֆիլը, քանի որ ավելի շատ հիվանդություններ են տեսանելի դառնում, և անհնար կլինի երկար ժամանակ պահել:
Ես շատ եմ ցավում, որ Գյուղատնտեսության նախարարության ներքո ստեղծվել է Կարտոֆիլագործության կենտրոն, և այս կենտրոնում Ջավախքից ոչ մեկը չկա: Ոչ միայն Ջավախքից, այլև Սամցխե-Ջավախքից: Եվ նրանք գումար են հատկացնում կարտոֆիլի աճեցման նախագծերի համար: Վրաստանի խոշորագույն կարտոֆիլ մշակող տարածաշրջաններից մեկը Ջավախքն է, Ախալքալաքը: Ինչու պետությունը չի հրավիրում տեղի փորձագետներին: Ինչ-որ պատճառներով պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում կարտոֆիլին, բայց միևնույն ժամանակ շատ սուբսիդիաները գնում են այլ կուլտուրաների: Չնայած այն բանին, որ կարտոֆիլը ռազմավարական զամբյուղի մթերքների մեջ է: Քանի որ Աստված չանի, պատերազմ կամ բնական աղետ լինի, կամ այլ բան, կարևոր ապրանքներից մեկը կլինի կարտոֆիլը, այլ ոչ թե գինին, խաղողը կամ ցիտրուսը: Կարող եք չխմել գինի, իսկ կարտոֆիլն անպայման է:
Քրիստինե Մարաբյան