Թբիլիսիում լրացուցիչ 23 միավոր էլեկտրական լիցքավորիչներ կտեղադրվեն էլեկտրական մեքենաների համար: Այս մասին այսօր հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախի Կալաձեն։

Մայրաքաղաքի իշխանությունները ծրագրում են առաջիկա մի քանի տարիների ընթացքում երկրում ավտոպարկերի 90%-ը փոխարինել էլեկտրական մեքենաներով։

«Կան 23 լրացուցիչ տեղանքներ, որտեղ մենք կտեղադրենք էլեկտրական լիցքավորիչներ, և ամբողջ քաղաքում էլեկտրական մեքենաները լիցքավորելու հնարավորությունը էլ ավելի կմեծանա», – ասել է Կալաձեն:

Մինչ օրս Թբիլիսիի տարբեր թաղամասերում գործում են 45 էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ, որոնցից քաղաքապետարանի նախագծի շնորհիվ կարող են օգտվել անվճար։

«Հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին հանձնարարվել է էլեկտրական լիցքավորիչներ տեղադրել ամբողջ քաղաքում: Այս ամենն արվում է Վրաստան էլեկտրական մեքենաների ներմուծումը խրախուսելու համար։ Մինչ օրս բոլոր 45 տեղանքներում տեղակայված էլեկտրական լիցքավորիչներն աշխատում են անխափան, և որ ամենակարեւորն է՝ դրանց համար վճարը զրոյական է»,- նշել է քաղաքապետը։

2017 թվականի հունվարից Վրաստանը բարձրացրել է բենզինով և դիզվառելիքով աշխատող մեքենաների ներմուծման ակցիզային հարկը։ Միևնույն ժամանակ ցանկացած տարեթվի հիբրիդային մեքենաների ներմուծման ակցիզային հարկը կրճատվել է 60%-ով, իսկ էլեկտրամոբիլները Վրաստանում ընդհանրապես ակցիզային հարկման ենթակա չեն։