Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, որ Վրաստանը կարմրուկի համաճարակի եզրին է: Վարակի տարածումը կանխելու համար հունվարի 1-ից Վրաստանում բոլոր պլանային պատվաստումները Վրաստանում դարձան անվճար: Ցայժմ կարմրուկի դեմ պատվաստումն ավճար էր միայն 40 տարեկանից ցածր քաղաքացիների համար:
«Քաղաքացիների կողմից լուրջ հետաքրքրություն կա: Երեկ երկրում 5 հազար լրացուցիչ պատվաստումներ են կատարվել, այսինքն, բնակչությունը սկսել է գիտակցել, որ միայն պատվաստանյութը կարող է դադարեցնել կարմրուկի համաճարակը երկրում: Մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք, որպեսզի բոլոր մունիցիպալիտետներում, բոլոր խմբերում խթանենք պատվաստումները: Լավ է, որ բնակչության արձագանքը բարձր է», – ասել է Գամղրելիձեն:
Առողջապահության հանրային կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստուկի պակաս չկա: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Առողջապահության նախարարությունը մշտապես աշխատում է դեղամիջոցի համալրման համար:
«Մենք լուրջ պաշար ունենք, հունվարի սկզբին 150 հազար պատվաստանյութ ունեինք: Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի ակտիվորեն առաջարկենք դրանք ապագայում էլ: Հիմա երկրում կա դեղապաշար, բայց մենք լուրջ աշխատանքներ ենք կատարում այն համալրելու ուղղությամբ: Եթե պատվաստումները շարունակվեն այս կերպ ինտենսիվ լինել, ինչը շատ լավ կլինի, ապա մենք վերջնականապես կհաղթահարենք կարմրուկը», – հավելել է նա:
Վրաստանի Առողջապահության նախարարության վերջին պաշտոնական տվյալներով, տարեսկզբից երկրում արձանագրվել է կարմրուկի մոտ 720 կլինիկորեն հաստատված դեպք:
Վրաստանում մեկնարկել է կարմրուկի դեմ պատվաստման ակտիվ գործողություններ: Փորձագետները կոչ են անում քաղաքացիներին, հատկապես 20-ից 40 տարեկաններին, պատվաստում անցնել, եթե նրանք հաստատ չեն հիշում, թե արդյոք նախկինում պատվաստվել են, թե՝ ոչ: Կարմրուկի դեմ պատվաստումը խստիվ արգելված է հղի կանանց համար: