Ախալքալաքի փողոցները, նախկին զինվորական ավանը և քաղաքը ավանի հետ կապող հետիոտնային կամուրջը ձյան մեջ են: Իսկ Ախալքալաքի սպասարկման կենտրոնում հաստատում են, որ իրենք ամեն ինչ մաքրել են:
Մի քանի օրվա ընթացքում տեղած առատ ձյան պատճառով քաղաքային և զինվորական ավանի փողոցները դժվարանցանելի են: Բացի փողոցներից, մայթերը նույնպես անանցանելի են: Եվ մեքենաների, և հետիոտների տեղաշարժումը չափազանց բարդ է: Ձյան մեջ է նաև հետիոտնային կամուրջը, իսկ կամրջի աստիճաններով բարձրանալ կամ իջնել հնարավոր չէ՝ սառցակալած ձյան պատճառով: Այս իրավիճակը տիրում է արդեն մի քանի օր :
Երեկ մենք զանգահարեցինք Ախալքալաքի սպասարկման կենտրոն, պարզելու համար, թե ինչու փողոցները չեն մաքրվել: Մեզ պատասխանեցին , որ գրեյդերը մաքրել է քաղաքի փողոցները և զինվորական ավանը , ու ինչ-ինչ պատճառներով մենք չենք տեսնում:
Այսօր մենք կրկին զանգահարեցինք այնտեղ պարզելու, թե արդյոք նրանք պատրաստվում են մաքրել քաղաքը և զինվորական ավանը :
Մեզ պատասխանեցին հետևյալը.
«Երեկ քաղաքը մաքրել էր գրեյդերը , ապա տեխնիկան փչացել էր, և զինվորական ավանն այլևս չէին մաքրել: Այսօր մենք կվերանորոգենք գրեյդերը և վաղվանից կմաքրենք քաղաքի փողոցները: Մենք 3-4 օր է աշխատում ենք օր ու գիշեր », – ասաց սպասարկման կենտրոնի փոխտնօրեն՝ Մխիթար Ռստակյանը:
Մեր հարցին, թե ինչու ձեռքի ձնահավաք մեքենան չի աշխատում, ստացանք հետևյալ պատասխանը՝
«Տեխնիկան հենց այս պահին ավարտեց նախկին կայարանի շենքի հարակից տարածքի մաքրումը և գնաց ավտոտնակ: Ես կգնամ ավտոտնակ և կտեսնենք, թե էլ որտեղ ենք մաքրելու », – պատասխանեց նա:
Այսօր օդի ջերմաստիճանն արդեն բարձրացել է և զրոյից բարձր է եղել, սակայն ավտոմեքենաների և հետիոտների շարժը ոչ պակաս դժվար էր:
Շուշան Շիրինյան