Ջավախքի գյուղատնտեսական շրջանում գյուղատնտեսությամբ զբաղվելը անշահավետ է: Jnews-ը երկրի խորհրդարանական ընտրություններում Ջավախքում ակտիվ գործունեություն ծավալող կուսակցությունների ներկայացուցիչներին հարցրել է, թե ինչ են մտածում շրջանում գյուղատնտեսության զարգացման մասին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Jnews-ը, Ջավախքի ընտրողներին հուզող խնդիրները բացահայտելու համար, հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում։ Բնակիչները հիմնական խնդիրներից մեկն անվանեցին գյուղմթերքների արտադրության և իրացման հետ կապված դժվարությունները։
Կարտոֆիլի լավ բերքը վատ պայմաններում
Ներկայացնում ենք Ջավախքում ակտիվ 6 կուսակցությունների ներկայացուցիչների պատասխանները գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ.
Դավիթ Ռստակյան, «Տրիբունա» կուսակցություն, №21
«Կուսակցության գյուղատնտեսական ծրագրերի մասին դեռ չգիտեմ։ Բայց, կարծում եմ, եթե պետությունը դադարեցնի Թուրքիայից և Բելառուսից կարտոֆիլ ներկրել, ապա մեր կարտոֆիլը կվաճառվի, և գինը նորմալ կլինի։ Պետք է դրանով զբաղվել: Պատգամավորները պետք է մտածեն այս մասին և զբաղվեն դրանով, նրանք պետք է բարձրացնեն այս հարցը։ Երբ մենք ընտրում ենք պատգամավորներին, պետք է իմանանք, թե ում ենք ընտրում, մեծամասնության մակարդակը չի համապատասխանում, այնտեղ պետք է օրենքներ մշակեն»։
Նիկոլոզ Բեգաշվիլի, կոալիցիա «Փոփոխությունների համար», № 4
«Կարևոր է, որ գյուղատնտեսությունը դառնա շատ եկամտաբեր, ինչը կպաշտպանի և կուժեղացնի տեղի ֆերմերներին: Դրան հասնելու համար մենք բարեփոխումներ կիրականացնենք հետևյալ ոլորտներում.
1. Գյուղատնտեսական հանգույցներ ըստ շրջանների՝ խթանել բիզնեսի և պահեստային և սառնարանային ենթակառուցվածքների կառուցումն արտադրության աճի համատեքստում:
2. Հողամասի փոխանցում մասնավոր սեփականությանը՝ հողը պետք է պատկանի մեր քաղաքացիներին: Արոտավայրերը պետք է փոխանցվեն գյուղերին և տեղական համայնքներին:
3. Եվրոպական միության և միջազգային հիմնադրամների աջակցությամբ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արդյունքում հնարավոր կլինի ավելի որակյալ արտադրանք արտադրել։
4. Ներդրումներ գյուղատնտեսական ենթակառուցվածքներում՝ ճանապարհների և ոռոգման ջրանցքների զարգացում։
5. Միջազգային ընկերությունների շահագրգռվածությունը գյուղատնտեսության մեջ՝ ներդրումներ կատարելու հարցում այնպիսի պայմանների ստեղծումն է, որ խոշոր ընկերությունները շահագրգռված լինեն ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ, վրացի ֆերմերներից ապրանքներ գնել, ապահովել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ներդնել նոր տեխնոլոգիաներ։
6. Վրացական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու համար հեղինակավոր ընկերության վարձում՝ պետական աջակցություն վրացական ապրանքների ակտիվ գովազդի և շուկայավարման գործում. ազատ առևտուր 2 միլիարդ դոլար արժողությամբ շուկայում (ԵՄ, Չինաստան և ԱՄՆ): Ազատ առևտուրը կբացվի Միացյալ Նահանգների հետ, ինչպես նշված է «Բարեկամության ակտում» (MEGOBARI Act):
Արսեն Կարապետյան, «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիա, №5
«12 տարի մենք ասում ենք, որ գյուղատնտեսության մեջ սուբսիդավորումներ պետք է լինեն, բայց չկա։ Մեր պատգամավորը պետք է աջակցի այս հարցի լուծմանը խորհրդարանում։ Ինչու Կախեթիի պատգամավորը կարող է այս հարցը բարձրացնել խորհրդարանում։ Կառավարությունը որոշումներ է կայացնում և սուբսիդավորում է տալիս։ Վաղը, մյուս օրը, Ռուսաստանն ու Բելառուսը «տիրանալու» են մեր գյուղատնտեսությանը։
Մելքոն Մակարյան, «Վրացական երազանք», №41
«Գյուղատնտեսության նախարարությունն ունի ծրագրեր: Գյուղատնտեսական ծրագրերի տարբեր տոկոսային ֆինանսավորմամբ ծրագրեր կան՝ 60%-40%, 50%-50%, 70%-ը 30%-ի: Կան վարկեր, որոնք տրվում են ֆերմերներին որպես գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորություն։ Փոքր ֆերմերներին օգնում են ձեռք բերել գյուղտեխնիկա։ Նմանատիպ ծրագրեր քննարկվում են, բայց կոնկրետ ծրագիր չեմ կարող ասել, դուք կարող եք ճշտել այն կազմակերպությունների հետ, որոնք ավելի կոմպետենտ են և կարող են ավելի կոնկրետ խոսել այս ծրագրերի մասին»:
Սոփո Խորգուանի, «Գախարիան հանուն Վրաստանի», №25
«Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ես նամակ եմ գրել վարչապետին, խնդրել եմ, որ հանձնաժողով ստեղծեն ու սկսեն լուծումներ փնտրել, հիմա օգնության կարիք ունենք, ինչու կան խաղողի, խնձորի հանձնաժողովներ։ Չգիտեմ, թե երբ կլինի պատասխանը, ուղարկել եմ ուրբաթ օրը (հոկտեմբերի 18-ին), այն բանից հետո, երբ եկա Ախալքալաք և Նինոծմինդա ու տեսա, թե ինչպես են մարդիկ լաց լինում։ (…) Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր արտադրությունը ներկրվող էժան և անորակ ապրանքներից։ Մենք ունենք 1+1 ծրագիր, եթե մարդը գնում է մեկ կով, պետությունը պարտավորվում է նույն գումարով երկրորդը նվիրել։ Իսկ բարձրալեռ շրջաններում օգնությունն ավելի շատ կլինի և, որ ամենակարեւորն է, այն կլինի կայուն»։
Զաքար Զաքարյան, «Ուժեղ Վրաստան» կոալիցիա («Լելո» կուսակցություն), №9
«Կարելի էր ստեղծել կարտոֆիլի ընդունման-հանձնման կետեր, կառուցել սառնարանային կառույցներ, կառուցել չիփսի գործարան, քանի որ կարտոֆիլը մեր մոտ շատ է։ Այս տարի կարտոֆիլի բերքը շատ է, գինը ցածր: Մինչև գյուղատնտեսության ոլորտում պետական հովանավորչություն չլինի, իրավիճակը չի բարելավվի: Փոքր ու միջին բիզնեսը հարկավոր է հովանավորել»: