Հունիսի 27-ին, Վիրահայոց թեմի առաջնորդը Թբիլիսիի Պատրիարքարանում հանդիպեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Իլիա Երկրորդի հետ:
Վիրահայոց թեմի առաջնորդը Համայն Վրաստանի Պատրիարքի հետ քննարկեց վիրահայոց համայնքին և Հայոց Եկեղեցուն հուզող հիմնահարցերը: Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին հայ և վրաց Եկեղեցիներին հուզող հարցերի վերաբերյալ ունենալ հաճախակի հանդիպումներ, քրիստոնեական սիրո և փոխադարձ հասկացության մթնոլորտում միասին քննարկել առաջացած խնդիրները, զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել հայ-վրացական եկեղեցական հազարամյակների եղբայրությանը:
Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Նորին Սրբությանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցավակցական նամակը՝ հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և մարդկային զոհերի կապակցությամբ և հաղորդեց Հայոց Վեհափառի բարեմաղթանքները Վրաց հովվապետին ու Համայն Վրաստանին:
Վրաց Եկեղեցու Պատրիարքն իր բարեմաղթանքները հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ասաց, որ հակառակ բոլոր դժվարություններին, Վրաց Ուղղափառ Եկեղեցին միշտ կմնա Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին:
Պաշտոնական հանդիպումից հետո Պատրիարքարանի պաշտոնեության հետ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը Վիրահայոց թեմի կողմից մասնակցում էին Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և անալիտիկ վերլուծության ու հասարակայնության հետ կապի բաժնի պատասխանատու Գևորգ սարկավագ Անտոնյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա էին Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլին և հոգևոր այլ պաշտոնյաներ:
Այս մասին հայտնում է վիրահայոց թեմի մամլո դիվանը