Այսօր՝ հունվարի 6-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի հայոց եկեղեցիներում տարածվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: Պատարագի ավարտին ջրի օրհնության կարգ կատարվեց։ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն էր։

Եկեղեցիները մարդաշատ էին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում էին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն և այլք: Արարողությանը բացի հայ համայնքի ներկայացուցիչներից ներկա էր նաև Կրոնական հարցերի պետական ​​գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն, ով շնորհավորեց հայկական եկեղեցուն Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Ինչպես նաև ներկա էին Ռազմավարական հետազոտությունների, վերլուծության և տարածաշրջանների ծառայության ղեկավար Նինո Ճավճավաձեն, իրավական ապահովման ծառայության ղեկավար Դավիթ Դավիթաշվիլին և փաստաբան Ալեքսանդր Շեխիլաձեն, ովքեր այցելել են Հայ Առաքելական եկեղեցի՝ շնորհավորելու տոնը։

Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենամեծ տոնն է: Ըստ Նոր Կտակարանի՝ Տիրոջ Աստվածահայտնությունը կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ։ Ավանդույթի համաձայն՝ կատարվեց ջրօրհնեք, այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան մոտենալ և օրհնված ջրից տանել իրենց հետ: