Սոցիալական տարբեր հարթակներում մեծ հավանականությամբ շատերն են հանդիպել Թովմաս Առաքելյանի տեսահոլովակներին, որտեղ նա պատասխանում է մարդկանց հուզող հարցերին, պատմում քրիստոնեության մասին։ Այդպիսով, նա սոցիալական հարթակն օգտագործում է կրոնի քարոզչության և մարդկանց եկեղեցուն մոտեցնելուն: Jnews-ը զրույց է ունեցել Հայաստանի Տավուշի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Թովմաս Առաքելյանի հետ, ով անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի և կիսվել իր փորձով:
Ինչպե՞ս առաջացավ սոցցանցերը քրիստոնեություն քարոզելու և մարդկանց ինֆորմացնելու միջոց դարձնելու գաղափարը:
Տավուշի թեմն աչքի է ընկնում քարոզչական իր լայն գործունեությամբ։ Եվ մեր առաջնորդը, և քահանա հայրերն արդեն իսկ ունեին համացանցային քարոզչության փորձ: Հենց այս նվիրյալ մարդիկ էլ օգնեցին ինձ, ոգևորեցին, որ սկսեմ սոցցանցերում պատմել Քրիստոսի մասին և մարդկանց մեր գործը հետաքրքրեց ու այն մեծ տարածում գտավ: Այսօր մենք քարոզում ենք սոցիալական ամենատարբեր հարթակներում։ Հուսով ենք, որ դա օգտակարություն կբերի մեր հայրենակիցներին։
Որքան էլ շատերը պնդում են, որ համացանցը «վատ» հարթակ է, կարո՞ղ ենք ասել, որ կրոնի քարոզման հարցում այն լավ արդյունք է տալիս:
Իմ ինստագրամյան էջում վերջին սթորի-հարցումներից մեկը թույլ տվեց մեզ պատկերացում կազմել համացանցային այս գործունեության ազդեցությունների մասին։ Ավելի քան 300 օգտատեր գրել էր, որ մեր էջերին հետևելով են սկսել առաջին քայլերն անել Մայր Եկեղեցուց ներս, 32 աթեիստներ նշել էին, որ այլևս իրենց համարում են քրիստոնյա, իսկ շուրջ 800 հոգի արձագանքել էին, որ լքել են աղանդները և այլևս դադարել են լսել «կասկածելի հովիվներին»։ Անշուշտ, հետևորդների մեծ մասը երիտասարդներ են, շատ են նաև սփյուռքահայ հետևորդները:
Ինչպե՞ս ճանաչել աղանդներին:
Սա բարդ հարց է, ի՞նչ ենք հասկանում աղանդ ասելով, աղանդները շատ տարբեր են, երբեմն նույնիսկ տարբեր աղանդներին միմյանցից զանազանելը շատ դժվար է և տարբերելու համար անհրաժեշտ է աստվածաբանական որոշ գիտելիքներ ունենալ։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց դիմել հոգևորականների, ովքեր կօգնեն զգուշանալ և ճանաչել նրանց: Աստվածաբանական լուրջ պատրաստվածություն չունենալու, Սուրբ գիրք չկարդալու պատճառով աղանդավորների հետ գրեթե հնարավոր չէ աստվածաբանական հարցերի շուրջ զրուցելը:
Համացանցում կան բազում կայքեր և կարճ տեսահոլովակներ, որոնք աղանդների կողմից են ստեղծվում և մարդիկ հաճախ չգիտակցելով ընկնում են դրանց ազդեցության տակ։ Այս դեպքում նույնպես լավ կլինի զգուշանալ, զրուցել հոգևորականի հետ հասկանալու համար արժե՞ արդյոք դիտել կամ լսել դրանք, որովհետև շատ անգամ մենք էլ չենք հասկանում թե ինչպես է քաղցր ու համով կոնֆետը բերում լրջագույն հիվանդությունների:
Ի՞նչ հակաքարոզչական գործողություններ է ձեռնարկում Մայր եկեղեցին պայքարելու աղանդների դեմ
Մենք չենք պայքարում աղանդավորների դեմ և չունենք խնդիր որևէ մեկի դեմ պայքարելու։ Մայր եկեղեցին գործում է հանուն միասնականության ու փրկության, հանուն Քրիստոսի, մենք չունենք ատելություն կամ պայքար: Հովան Ոսկեբերանը մի շատ կարևոր միտք ունի, ասում է՝ ես ատում եմ մեղքը, բայց չեմ ատում մեղավորին, այլ սիրում եմ նրան։ Եվ այս դեպքում խնդիրն աղանդն է, ոչ թե աղանդավորը, այն չարիք է ինչպես հպարտությունը, սուտը կամ զանազան այլ մեղքեր:
Ինչպե՞ս տարբերել առաքելական եկեղեցու և աղանդների կողմից հրատարակությունները, որոնք հաճախ գրքերի կամ բուկլետների տեսքով են:
Որևէ հոգևոր գրականություն կարդալուց պետք է խորհրդակցել քահանաների և հոգևորականների հետ։ Հոգեւոր սնունդը կարող է շատ վնասել մեր կյանքին եթե այն սխալ է ընտրվում: Կարող եմ ասել, որ աստվածաշնչային ընկերությունն ունի հստակ տարբերանիշ, որի միջոցով հնարավոր է տարբերել:
Ովքե՞ր կարող են լինել քրիստոնեության ճիշտ քարոզողներ:
Քարոզչության և ճշմարտությունը խոսելու բեռը պետք չէ թողնել միայն քահանաների ուսերին, երիտասարդները պետք է խոսեն և քարոզեն, քրիստոնյա երիտասարդները պարտավոր են ավետարանելու, որովհետև ավետարանելու հորդորն ու պատվիրանը տրված չէ միայն հոգևորականներին, հաճախ մենք մեզ վրա այդ պարտականությունը չենք տեսնում և հենց այդտեղ մենք տկարանում ենք:
Այն կարևոր խորհուրդը, որով կցանկանայիք Ձեզ կարդացողներն ու լսողներն առաջնորդվեն:
Հարատևել հավատքի, հույսի և սիրո մեջ, հիշելով, սակայն, որ այս առաքինությունները կարող են լինել կիսատ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հավատքը դատարկ է առանց գործերի, հույսը ոչինչ է, եթե չկա համբերություն և սեր… սերը պետք է վաստակել։