Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատմեց 2018 թվականին կատարված աշխատանքների, ինչպես նաև 2019 թվականի ծրագրերի մասին:
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կատարվել են աշխատանքներ ինչպես պետական, այնպես էլ տեղական բյուջեից:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ այն ինչ նախատեսված էր իրականացվել է, բացառությամբ որոշ փոքր ծրագրերի, որոնք տեղափոխվել են գալիք տարի: Ըստ քաղաքապետի, այդ աշխատանքների տեղափոխման պատճառը եղանակային պայմաններն են եղել, որոնք թույլ չեն տվել ավարտել դրանք: Այդ աշխատանքները հետևյալն են՝ Կուլիկամ գյուղում մանկապարտեզի կառուցում, Չունչխա և Պտնա գյուղերի համար մանկապարտեզ, նախկին №15 զինվորական ավանի շենքերի բակերի ասֆալտապատում:
«Մենք իրականացրել ենք շատ լավ նախագծեր, ինչպիսիք են՝ գերեզմաններ տանող ճանապարհի ասֆալտապատումը, «Տավշանկա» հանգստի գոտում տաղավարների կառուցումը: Ինձ համար շատ հաճելի էր, որ այս աշխատանքներն արժանացան բնակչության հավանությանը: Հաջորդ տարվա համար կան շատ լավ ծրագրեր, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել: Մենք կասֆալտապատենք 22-25 կմ գյուղական ճանապարհներ: Մենք ամենից շատ փորձում ենք ասֆալտապատել այն ճանապարհները, որոնց վրա կան շատ գյուղեր », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Մունիցիպալիտետում գյուղական ճանապարհների ասֆալտապատումը առաջնային խնդիր է: Այս տարի ասֆալտապատվել է Բարալեթ-Էխտիլա ճանապարհը, Բեժանո գյուղ տանող ճանապարհը երկու կողմից:
Հաջորդ տարի տեղական իշխանությունները նախատեսում են ասֆալտապատել գյուղական ճանապարհների հետևյալ հատվածները՝ Կոթելիա-Ղադո 7 կմ ճանապարհը, Խանդո գյուղ տանող 8,5 կմ ճանապարհը, Վաչիան ավտոմայրուղուց մինչև Հոկամ գյուղ տանող 6 կմ ճանապարհը, Գոմանից մինչև Բուղաշեն տանող 2 կմ ճանապարհը: Բացի այդ, Ազավրեթ և Դիլիսկա գյուղերում նախատեսվում է դպրոցների կառուցում, ինչպես նաև Խորենիա գյուղում ջրամատակարարման գծի անցկացում և Գումբուրդու գյուղում մանկապարտեզի կառուցում:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 22 գյուղերում դեռևս չկա բնական գազ: Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, պետությունը մինչև 2021 թ. նախատեսել է բոլոր բարձրալեռ գյուղերը ապահովել բնական գազով: Նրանք հուսով են, որ պետությունը կօգնի և Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերին:
Յուրիկ Ունանյանի խոսքերով ֆինանսական աջակցության դեպքում, նրանք նախատեսում են ասֆալտապատել բոլոր գյուղական ճանապարհները: