Այսօր Ախալքալաքում առատ ձյուն տեղաց, շրջանի գյուղերի ճանապարհների մեծ մասը չեն փակվել, սակայն անանցանելի է Մոդեգամ գյուղը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասաց, որ ահազանգ չեն ստացել գյուղերից։
Հեռախոսակապ հաստատելով տարբեր գյուղերի ներկայացուցիչների հետ պարզեցինք, որ բացի Մոդեգամ գյուղից ոչ մի գյուղի ճանապարհ անանցանելի չէ։
Մոդագամ գյուղի մասնագետ Արամայիս Չախալյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ճանապարհը փակ է, երեխաների դպրոց տանող միկրոավտոբուսը չի կարողացել հասնել դպրոց և հետ է վերադարձել գյուղ։
“Ճանապարհը փակ էր, երեխաներին դպրոց տանող մեքենան չկարողացավ գնալ դպրոց։ Հիմա եկել եմ քաղաքապետարան, որպեսզի տեղեկացնեմ իրավիճակի մասին”, – ասաց Արամայիս Չախալյանը։
Պետական նշանակության Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհին արդեն լցրած է տեխնիկական աղ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասաց, որ սկսելու են պատրաստվել ճանապարհների մաքրման գործընթացին։
“Ներկա դրությամբ պետք է սկսենք պատրաստվել աշխատանքներին, քանի որ արդեն առաջին ձյունը տեղաց։ Այս տարվա տենդեր-մրցույթի հայտարարած գումարից՝ 80 000 լարիից մնացորդ է եղել մոտավոր 45 000, այդ գումարը կօգտագործենք մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն եթե էլի մնացորդ մնա այդ գումարը ազատ գումար կհամարվի և կավելանա նոր բյուջեին, որն էլ հետո ցանկացած կարիքի համար կօգտագործվի։ Հաջորդ տարվա համար կհայտարարենք նոր տենդեր-մրցույթ”, – ասաց Ալբերտ Նահատակյանը։
Հարկ է նշել, որ միջշրջանային ճանապարհները ձյունից մաքրում է «ՎԵՄ» ընկերությունը, որը հաղթել էր տենդեր-մրցույթը տարվա սկզբին, Ախալքալաքը մաքրում է Սերվիս կենտրոնը, իսկ պետական նշանակության մայրուղիները՝ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: