Ախալքալաքի սակրեբուլոյում տեղի ունեցավ շրջանի 4 հեռավոր գյուղերի երիտասարդների և պատգամավորների հանդիպումը, որի նպատակն էր բարձրաձայնել գյուղի երիտասարդությանը հուզող խնդիրների մասին և տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Հանդիպումը կազմակերպել էր Ջավախքի լրատվական կենտրոնը։
Ներկայացնում ենք հետաքրքիր հատվածներ երիտասարդների ու պատգամավորների հանդիպումից.
Հանդիպմանը ներկա էին երիտասարդներ Խավեթ, Բոզալի, Հոկամ, Բուղաշեն գյուղերից։ Նրանք հանդիպեցին Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի, նախագահի տեղակալ Էդուարդ Աղասարյանի և պատգամավորների, ֆինանսների, երիտասարդության և ենթակառուցվածքների հանձնաժողովների նախագահներ՝ Սեդա Մելքումյանի, Սողոմոն Ասլանյանի և Գենադի Էլիզբարյանի հետ։
Երիտասարդների կողմից հարց բարձրացվեց մունիցիպալիտետում հանրային տրանսպորտի անհրաժեշտության մասին, ինչին պատգամավորները պատասխանեցին, որ այսօր այդ ոլորտը զուտ բիզնես է, և տեղական իշխանությունները ոչնչով չեն կարող օգնել։
Երիտասարդների՝ գյուղերում երիտասարդության համար ժամանակ անցկացնելու վայրեր կազմակերպելու վերաբերյալ հարցերին ու խնդրանքներին, պատգամավորները պատասխանեցին, որ գյուղերն իրենք են որոշում այդ հարցը՝ օգտագործելով «Օգնություն գյուղին» ծրագրով իրենց տրամադրված գումարները, և երիտասարդներին խնդրեցին լինել ակտիվ և մասնակցել այս ծրագրի առաջնահերթություններն ընտրելու ժողովներին: Նշենք, որ այս տարի գյուղերում վերոհիշյալ ժողովներն արդեն ավարտվել են։
Երիտասարդները բարձրացրեցին նաև գյուղերի գազիֆիկացման հարցը (ոչ Խավեթում, ոչ Բոզալիում, ոչ Հոկամում բնական գազ չկա), ինչին պատգամավորները պատասխանեցին, որ տեղական իշխանությունները գազաֆիկացման հետ կապ չունեն, սակայն, ըստ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի որոշ գյուղերում կենտրոնական իշխանությունների կողմից նախատեսվում է գազաֆիկացում, իսկ թե կոնկրետ որ գյուղերում, դեռ հայտնի չէ։
Այն ուսանողներին աշխատանքով ապահովելու հարցին, ովքեր սովորում են բուհերում և վերադառնում են Ախալքալաք՝ պատգամավորները պատասխանեցին, որ դիմորդները պետք է հաշվի առնեն շրջանում կոնկրետ մասնագետների պահանջարկը, որպեսզի հետագայում կարողանան աշխատանք գտնել։
Խավեթ գյուղի երիտասարդ ներկայացուցիչները ցանկանում էին իմանալ, թե երբ կունենան նորմալ ճանապարհներ: Պատգամավորները պատասխանեցին, որ ճանապարհի ասֆալտապատման առաջին փորձը ձախողվել է, քանի որ ֆինանսավորում չեն ստացել, սակայն խոստացան, որ այս տարի ճանապարհի ասֆալտապատումը կսկսվի գյուղից, սակայն կոնկրետ չկարողացան խոստանալ, թե որքան կտևի այն։
Հանդիպմանը քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ կապված ջրամատակարարման, ոռոգման, արտադրանքի իրացման և այլնի հետ։ Ընդհանուր առմամբ հանդիպումը բովանդակալից ստացվեց։