Ծալկայի մունիցիպալիտետի Օզնի գյուղից ժպտերես Ասյան հրատարակել է պոեզիայի եւ արձակի երկու գիրք:
Նա գրել է սցենար ֆիլմի համար՝ հիմնվելով իր սեփական վեպի վրա, գտել հովանավորներ, պատրաստ է ֆիլմ նկարահանել ցեղասպանությունը վերապրածների մասին եւ փնտրում է պրոդյուսեր:
«Հոգու թռիչք» եւ «Մեկ գարուն»՝ սրանք Ասյա Զալինյանի հրատարակված գրքերն են, հեղինակն ավարտին է հասցնում երրորդ գիրքը՝ «Օտար դռներ» վեպը:
Շատ հաճախ, մենք չգիտենք, թե ինչ տաղանդավոր եւ շնորհալի մարդիկ են ապրում մեր կողքին: Ահա և երիտասարդ բանաստեղծուհի Ասյա Զալինյանի մասին շատ քիչ բան է հայտնի: Նա ապրում է Ծալկայի մունիցիպալիտետի Օզնի գյուղում:
Երկու բարձրագույն կրթությամբ եւ գրքի հանդեպ ունեցած մեծ սիրով սկսեց ճանապարհը՝ տանող այն աշխարհ, որտեղ նա կարող էր արտահայտել իր զգացմունքներն ու մտքերը: Ասյայի սերը դեպի գիրքն ու պոեզիան փոխանցվել է մորից, դեռևս մանկության տարիներից:
«Տածած սերս դեպի գրքերն ու մայրիկիս նոթատետրերը ինձ հետապնդում է վաղ մանկությունից: Այն տարիներին, երբ մարդիկ երեկոներն անցկացնում էին կերոսինի լամպերի լույսի ներքո, եղբայրս եւ ես նստում էինք եւ լսում մայրիկիս գրած բանաստեղծությունները՝ հազիվ հասկանալով իմաստը: Նա գրում է հայերենով: Ամեն անգամ, ուսանողական տարիներին երբ ես մնում էի միայնակ տանը, ուզում էի գրել: Չգիտես ինչու, հեշտ էր գրել աշնան մասին: Կիսել միայնությունը թղթի եւ մատիտի հետ՝ սիրված սովորությունս է», – պատմում է Ասյան:
Շնորհալի երիտասարդը ծնվել է Վրաստանի հեռավոր քաղաքում՝ Լագոդեխիում, ավարտել է ռուսական դպրոց եւ 16 տարեկանում գնացել է նվաճելու Թբիլիսին: Բարձրագույն կրթությունը նա ստացել է Պետական պոլիտեխնիկական համալսարանում, սովորել է որպես թարգմանիչ-խորհրդատու:
«Ես նույնիսկ չեմ փորձել դուրս գալ Լագոդեխիից: Դպրոցից հետո դուրս եկա փոքրիկ քաղաքից և մնացածը փոքրիկ քաղաքի սահմմաներից դուրս կատարվեց: Պարզապես իմ պայուսակի մեջ բանաստեղծություններով տետր կար: Իմ առաջին քայլերը ես արել եմ Մոսկվայում: Մոսկվա գնացինք սովորելու համար: Երբ ես հայտնաբերեցի հայտարարություն՝ կինոյի մեծ վարպետ Միտտայի դասընթացների մասին, գնացի սովորելու որպես սցենարիստ եւ ռեժիսոր: Դա շատ է օգնում ոչ միայն կինոյում աշխատելու ժամանակ», – ասում է նա:
Հեղինակն առաջին գիրքը կարողացավ տպագրել Երեւանում, նրա հորեղբայրը՝ Սամվել Ոսկանյանը, դարձավ նրա առաջին հովանավորը: Այժմ նա չի ձգտում հրատարակել իր գրքերը:
«Բոլոր պոտենցիալ ընթերցողներն առցանց են, ուստի այս փուլում ես չեմ պատրաստվում գրքեր տպագրել: Սիրում եմ հետևել մարդկանց: Իհարկե, իմ աշխատանքների գլխավոր հերոսներն ուշադրության արժանի մարդիկ են», – պատմում է Ասյա Զալինյանը:
Ասյան Լագոդեխիից Օզնիում է հայտնվել՝ սիրահարվելու պատճառով: Տեղափոխվելով մորական պապի գյուղ՝ Ղզրքիլիսա, նա ուսուցանում էր Օզնի գյուղի դպրոցում: Նա այդտեղ հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Բարտոյին: Դրան հաջորդեցին հայկական ավանդական նշանադրությունը, հարսանիքը եւ փոքրիկ Մանեն, որը 5 տարեկան է: Թե ինչպես է Ասյան հայտնվել Օզնիում, Ասյան համեստորեն կատակում է:
«Մայրս Ծալկայից է (Ղզրքիլիսա), ամուսինս Օզնիից, ես ամուսնացա նրա հետ, եւ ահա, ես Օզնիում եմ», – ասում է Ասյան:
Այժմ նա գրում է «Օտար դռներ» վեպը, որը դեռ վաղուց էր մտադրվել: Վեպը հիմնված է իրական իրադարձությունների վրա:
«Սա խաբված կնոջ պատմություն է, որը իր երիտասարդության շրջանում սիրահարվում է, վստահում է եւ հեռանում ուրիշի հետ: Կյանքը փոխում է իրադարձությունները եւ հերոսուհին ստիպված է վերադառնալ իր փոքրիկ քաղաքը եւ աշխատել իր իսկ սեփական տանը, որպեսզի կարողանա ավելի մոտ լինել երեխաներին: Ուղղակի նրա համար տան բոլոր դռներն արդեն օտար են: Ամուսնու վրեժխնդրություն թե՞ գթասրտություն: Այսպիսով, հերոսուհու կյանքի նոր փուլը, որտեղ նրան մեկ այլ անունով կոչեցին, եւ իր իսկ տանը սեփական երեխաները նրա համար ոչ-ոք են», – պատմում է Ասյան:
Ասյան ծրագրում է օգտագործել ռեժիսուրայի իր գիտելիքները: Նա սցենար է գրել «Նարե» վեպի հիման վրա, որը նույնպես հիմնված է իրական իրադարձությունների վրա:
«Կա հովանավոր, չկա պրոդյուսեր: Ես պրոդյուսերի փնտրտուքների մեջ եմ: Սցենարը պատրաստ է, բայց հետագայում սպասվում է մեծ աշխատանք, նույնիսկ եթե դու լավ հիմք ունես, ֆիլմի իրագործումը այնքան էլ հեշտ չէ», – ասում է նա:
Սյուժեյի հիմքում հայ փոքրիկ ընտանիքի կյանքի պատմությունն է ընկած: Ապրիլի 24-ին, Էրզրումում, մի երջանիկ ընտանիքում դաժանորեն սպանվում են մեծահասակներն ու երեխաները: Պապը հասցնում է փրկել միայն հղի դստերը: Չհասցնելով թաղել սպանված հարազատներին, նրանք ստիպված են լինում փախչել: Վրաստանում թոռնիկի անսպասելի ծնունդը ընդհատում է նրանց անցած երկար ճանապարհը: Ինչն է խանգարում նրանց վերադառնալ Հայաստան և ինչպես է դասավորվել այն մարդկանց կյանքը, ովքեր 1915-ին կարողացան փրկվել մահից:
Ֆիլմը բացահայտում է տասներեք տարեկան աղջնակի՝ Նարեի կյանքի պատմությունը, որը միայնակ հոգ է տանում կույր պապի եւ ծանր հիվանդ մոր մասին: Նարեն վաղ տարիքից աշխատում է բոլորի փոխարեն, որպեսզի կերակրի ընտանիքը, գումար է կուտակում եւ չի դադարում երազել Հայաստանում ապրելու մասին: Մահը շրջանցել՝ դեռ չի նշանակում փրկվել: Ողբերգությունը ավարտվե՞լ է նրանց ընտանիքում, թե այն դեռ շարունակվում է», – պատմում է Ասյան:
Քրիստինե Մարաբյան