Այսօր, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաքի 5 վետերան մարզիկները օլիմպիական կրակը վազքով հասցրին Ախալքալաքի մշակույթի տան դիմաց:
Օլիմպիական կրակը փոխանցումներով Ախալքալաք հասցրին 5 վետերան և երիտասարդ մարզիկներ: Պատանեկան Օլիմպիական խաղերն անցկացվելու են Թբիլիսում, մինչ այդ Օլիմպիական կրակը շրջագայում է Վրաստանի քաղաքներով: Ախալքալաքում օլիմպիական կրակը կմնա մեկ գիշեր, որից հետո այն տարվելու է Նինոծմինդա: Արդեն հուլիսի 24-ին օլիմպիական կրակը կհանգրվանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Երեկոյան 18:00-ի սահմաններում երթևեկության համար փակվեց Ախալքալաքի Ազատության փողոցը, որտեղով պետք է անցներ ջահը: Քաղաքի կենտրոնական հրապարակում երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան Մշակույթի տան երգի և պարի համույթները: Օլիմպիական ջահը «Ջավախք քեզ մատաղ» երգի հնչյունների ներքո հրապարակ հասցրեց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Հուլիսի 25–ից օգոստոսի 1–ը Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպայի ամառային պատանեկան օլիմպիական 13–րդ խաղերը: Նախնական տեղեկությունների համաձայն միջոցառմանը մասնակցելու են 49 երկրների 13–18 տարեկան 4 հազար մարզիկ–մարզուհիներ:
Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև՝ բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվային սպորտ և թենիս: