Ախալքալաքցի մարզիկ Արտյոմ Այվազյանը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, օգոստոսի 13-ին կայացած «Կուբանի երկաթյա ձեռքեր» բազկամարտի առաջնությունից վերադառնում է հաղթական մեդալով։
Արտյոմն արդեն երկար տարիներ է զբաղվում է բազկամարտով՝ և՛ մարզումների, և՛ հոգով իր դաստիարակին համարում է եղբորը՝ Ադամ Այվազյանին։
«Մարզվում եմ Ախալքալաքում՝ մեր հին մարզադահլիճում, հիմա հիմնականում մարզվում ենք երեքով՝ եղբայրս, ես ու Արմեն Կևնակսզյանը՝ աջակցելով միմյանց», – ասում է Արտյոմ Այվազյանը:
«Կուբանի երկաթյա ձեռքեր» բազկամարտի առաջնության մասին իմացել է և որոշել մասնակցել։ Մրցումներին մասնակցել են տարբեր քաղաքներից՝ հայեր, ռուսներ, օսեր, ովքեր ներկայացել են իրեց մարզիչներով, բժիշկներով, իսկ Արտյոմը մենակ է ներկայացել, քանի որ Ախալքալաքում չկա բազկամարտի պաշտոնական կազմ։
Նա հանդես է եկել 70 կգ քաշային կարգում և մրցել է 5 մարզիկի հետ, հաղթել ու գրավել պատվավոր առաջին հորիզոնականը։
«Ինձ հարցրին, որ խմբից ես, երբ ես ասացի, որ մենակ եմ զարմացան, և ինձ գրանցեցին Կրասնոդարի կողմից։ Այսքան տարի մարզվում ենք, տանջվում, մրցումների ենք գնում՝ ինքնուրույն, քանի-որ Ախալքալաքում չունենք բազկամարտի պաշտոնական կազմ: Դրա համար էլ այլ վայրերում չենք կարող պայքարել Վրաստանի համար», – ավելացնում է Արտյոմը:
Վերջինիս խոսքով, իր մրցակիցները ուժեղ են եղել, բազկամարտի տեխնիկան էլ բավականին տարբերվել է, բայց հաղթանակի համար պայքարել է մինչև վերջ։
«Ուր որ գնացել ենք հաղթանակներով ենք եկել։ Այս մրցումների ժամանակ ձեռքս մի քիչ ցավեցրել էի, բայց էլի շարունակեցի պայքարս։ Անցա եզրափակիչ, և շատ հանգիստ հաղթեցի»,- ասում է բազկամարտի չեմպիոնը։
Ախալքալաք վերադառնալուն պես շարունակելու է պարապմունքները, քանի որ առաջիկայում պատրաստվում է ավելի մեծ մրցույթի։
Ատյոմն ավելացնում է՝ Ախալքալքում այս սպորտաձևով զբաղվում են մի քանի հոգի՝ ինքն է, եղբայրը՝ Ադամ Այվազյանը, Արմեն Կևնակսզյանը և Լազարյան Իգորը։ Նրանք միասին են պարապմունքներ անցկացնում և չնայած, որ պարապմունքների համար դահլիճը լավ վիճակում չի գտնվում, նրանք չեն հանձնվում:
Ինչպես նշում է Արտյոմը, շրջանի գյուղերում էլ կան շատ ուժեղ տղաներ, ովքեր սիրողական պարապմունքներ են անցկացնում:
«Ես կարծում եմ, նրանց պետք է զարգանալու հնարավորություն տալ, տանել մրցումների, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենաք», – հավելում է Արտյոմը: