«Իմ ընկերներն ինձ սիրում են, օգնում են: Ես անպայման տեսնելու եմ իրենց մամա, որ գրկեմ ու պաչեմ»,- մի փոքր թոթովելով ասում է Իրինան՝ դիմելով իր մայրիկին, ով Ջավախքի դպրոցականներից Իրինային հասցեագրված կարմիր թղթի վրա գրված եւս մեկ նամակ է բարձրաձայն ընթերցում իր դստեր համար:
Իրինային հասցեագրված աջակցության յուրաքանչյուր նամակ աննկարագրելի ոգեւորության առիթ է՝ քաղցկեղի չարիքի դեմ դժվարին պայքարում: Նրա խոշոր աչուկները միանգամից բոցավառվում են, լցվում կյանքով ու պայքարի վճռականությամբ: Նա մոռանում է անգամ հիվանդության մասին, ու չի արտաբերում հաճախ կրկնվող՝ «ինչի՞ ես հիվանդացա, մամա» հարցը:
Քաղցկեղի դեմ վեց տարեկան Իրինայի պայքարը շարունակվում է: Ամեն օր զգացվում է, որ փոքրիկի հետ այդ չարիքի դեմ պայքարում են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլեւ բազմաթիվ մարդիկ, որոնք միացել են դրամահավաքին եւ տարբեր կերպ աջակցության ձեռք մեկնել Իրինայի ընտանիքին:
Շարունակվող դրամահավաքի շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել Իրինայի բուժման շարունակությունը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի կլինիկայում: Արդեն իսկ հավաքված միջոցներից կլինիկային վճարվել է շուրջ 45 հազար եվրո: Դրամահավաքը շարունակվում է: Երկու հաջող կատարված վիրահատություններից հետո Իրինան անցել է քիմիաթերապիայի առաջին կուրսը:
Իրինայի հարազատները խնդրում են բոլորին շարունակել ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, քանի որ ամբողջական բուժման համար պահանջվում է մեծ գումար՝ շուրջ 200 հազար եվրո: Բուժման ծախսերը շատ մեծ են, ընտանիքի հնարավորություններն ու ժամանակը՝ սուղ:
Իրինայի բուժման համար մեծ աջակցություն են ցուցաբերվել Հայաստանում, Ջավախքում եւ Ռուսաստանում: Մեծ դրամահավաքներ են կազմակերպվել Մոսկվայի, Սուրգուտի ու Դոնի Ռոստովի հայ համայնքներում:
Ջավախքից գրեթե ամեն օր Իրինան ստանում է նամակներ (նաեւ գումար) դպրոցականներից:
Հիշեցնենք, Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք:
Հայաստանից հանգանակություն կարող եք կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեհամարներին: Ստացող՝ Մյասնիկ Անեսյան (MIASNIK ANESYAN)
AMD 16048343490004
USD 16048343490005
EUR 16048343490006
RUR 16048343490007
Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաեւ հաշվեհամարներ Яндекс եւ Idram համակարգերով
Яндекс– 410017983060786
Idram – 459135910